top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Մեկնարկել է Սփյուռքի ուսուցիչների 2022 թ. վերապատրաստման ծրագիրը


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների 2022 թվականի վերապատրաստման ծրագրի պաշտոնական մեկնարկը: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այս տարվա ծրագիրն անցկացվում է համակցված (առկա և հեռավար) ձևաչափով: Ծրագրի մեկնարկի առիթով ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալվել էին առկա վերապատրաստմանը մասնակցող «Հայ մշակույթի պատմություն և արվեստ» դասավանդող ուսուցիչները: Նրանց ընդունել է ԿԳՄՍ նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը: Ներկա են եղել նաև Սփյուռքի հետ կապերի բաժնի պետ Կարեն Մնացականյանը և բաժնի գլխավոր մասնագետ, ծրագրի աշխատանքները համակարգող Թամարա Զալինյանը: Ծրագրի մասնակից մյուս ուսուցիչները հանդիպմանը մասնակցել են հեռավար: Արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին մասնակցության համար՝ ընդգծելով նրանց մասնագիտական կարողությունների կարևորությունը հայապահպան գործունեության մեջ: Նա մանկավարժներին է փոխանցել ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի շնորհավորական ուղերձը ծրագրի մեկնարկի կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասվում էր. «Հարգելի՛ մանկավարժներ, օգտագործելով այս առիթը՝ ցանկանում եմ դիմել ձեզ մեծարանքի խոսքերով, քանի որ դուք ձեր գիտելիքով, փորձով և նվիրվածությամբ կերտում եք հայ մարդուն և՛ հայրենիքում, և՛ սփյուռքում: Կրթությունը կարևոր դերակատարում ունի քաղաքական, տնտեսական, սոցիալական և էկոլոգիական բազմաթիվ խնդիրների լուծման, ինչպես նաև երկրի կայուն զարգացման ապահովման և բարեկեցիկ հասարակության կայացման գործում: Մենք ունենք այն վստահությունը, որ սփյուռքում մեծացող սերունդը կստեղծի նաև լրացուցիչ հնարավորություններ Հայաստանի համար՝ հարստացնելով հայ մշակույթի գանձարանը, ձևավորելով ամուր կապ հայրենիքի և օտարերկրյա պետությունների ժողովուրդների միջև»: Ուղերձով նախարարը մանկավարժներին կոչ է արել լինել հետևողական, օգտվել այլ տարածաշրջանների մանկավարժների հետ հաղորդակցվելու հնարավորությունից, քանի որ փորձի փոխանակումը և ընթացիկ աշխատանքային հարցերի համախորհուրդ լուծումն ինքնին մեծ զինանոց է արդյունավետ աշխատանքի համար: Հանդիպմանն ուսուցիչները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց մտահոգությունների, ակնկալիքների մասին: Նրանք ընդգծել են, որ անհամբեր կսպասեն նոր ուսումնական տարվան, որպեսզի իրենց ստացած նոր գիտելիքն ու հմտությունները փոխանցեն հայ մանուկներին: Նշենք, որ Սփյուռքի ուսուցիչների 2022 թ. վերապատրաստման ծրագրին դիմել է 155 ուսուցիչ՝ 21 երկրից, որոնցից ընտրվել են 125-ը: Վերապատրաստումը նախատեսված է հետևյալ ուղղություններով՝ յուրաքանչյուրը 120 դասաժամ. ա) Ուսուցում մանկապարտեզում, բ) Ուսուցման մեկօրյա դպրոցում, գ) Տարրական ուսուցում ամենօրյա դպրոցում, դ) Հայոց լեզվի և գրականության դասավանդում, ե) Հայոց պատմության դասավանդում, զ) Հայ մշակույթի պատմության և արվեստի դասավանդում (առկա և հեռավար), է) Տնօրենների վերապատրաստում: Առկա վերապատրաստմանը մասնակցում են «Հայ մշակույթի պատմություն և արվեստ» դասավանդող 19 մանկավարժներ, որոնց դասընթացները կտևեն 15 օր՝ օգոստոսի 1-15-ը: Այդ օրերի ընթացքում նրանք ոչ միայն կլսեն դասախոսություններ, կանցկացնեն գործնական պարապմունքներ, այլև կայցելեն թանգարաններ, արվեստանոցներ, կմասնակցեն վարպետաց դասերի: Ուսումնական ծրագրի երկրորդ կեսը կշարունակվի օգոստոսի 15-30-ը՝ հեռավար ձևաչափով: Մնացած խմբերում ընդգրկված ուսուցիչների վերապատրաստումը կանցկացվի միայն հեռավար: Չնայած մնացած 6 խմբերում վերապատրաստման հեռավար բնույթին՝ այս ուսուցիչների համար ևս ընթացքում կազմակերպվելու են թանգարանների վիրտուալ այցելություններ, գործնական աշխատանքներ: Վերապատրաստման ծրագիրն իրականացնում է «Ֆիչըր» կազմակերպությունը` համագործակցելով «ՊրոԴեՖորմ» կազմակերպության հետ:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page