Մեդիայում ատելությունն արագ տարածվում է և դա խրախուսվում է օրվա իշխանությունների կողմից
Updated: Jul 1, 2020

Վերջին շրջանում լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ վերաբերմունքի հարցում ես զարմացած եմ, որովհետև նախկին իշխանության և ներկա իշխանության պարագայում եթե համեմատելու լինենք, այս իշխանության ներկայացուցիչների մեծ մասը լրագրողական կրթություն ունեն և լրագրողներ են։ Այս մասին 168 TV Review հաղորդման եթերում ասաց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ., Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանը։
«Յուրաքանչյուր քաղաքական գործիչ պետք է օգտագործի այն եթերը, որը ընդդիմադիր է․ սա հնարավորություն է տալիս ներկայանալ ավելի լավ լույսի ներքո։ Մենք հաղորդակցության ճգնաժամ ունենք, մենք ատելության խոսքը մեդիայում տարածելու խնդիր ունենք, և դա խրախուսվում է օրվա իշխանությունների կողմից։ Եթե երկրի ղեկավարը օգտագործում է ոչ հարիր բառապաշար, ինչպե՞ս ենք նոր օրենքով վերահսկելու դա․ այս գործիքը ես չեմ տեսնում»,-նկատեց Աստղիկ Ավետիսյանը։
PR մասնագետը նշեց, որ վերջին շրջանում աշխատել է եթերում քիչ երևալ, որովհոտև յուրաքանչյուր հարցազրույցից հետո՝ չվիրավորելով որևէ մեկին, այնպիսի հայհոյանքների շարք է ստանում, որ պարզապես զազրելի է։
Խոսելով լրատվամիջոցների դրսևորումների մասին՝ մասնագետը կարևորեց, որ նախկինում նման դրսևորումների չի հանդիպել, իսկ ատելության մթնոլորտը իշխանություններին նույնպես ձեռնտու չէ։
Աստղիկ Ավետիսյանը, խոսելով վերջին շրջանում իր կատարած ուսումնասիրության մասին, նշեց, որ մեդիան այսօր լուրջ խնդիր ունի․
«Հասարակությունը միայն վերնագիրն է կարդում, այդ թվում՝ կրթված մարդիկ։ Լրագրողական տեսանկյունից մենք կարող ենք հետաքրքիր, ինտրիգային հատվածը դարձնել վերնագիր, իսկ հասարակությունը բավարարվում է միայն դրանով՝ չծանոթանալով բովանդակությանը։ Սա ապացուցում է, որ կորցնում ենք լրատվական դաշտը»։
Մասնագետը նկատեց, որ ներկայումս երկար հոդվածներն այլևս ուշադրության չեն արժանանում։
«Լրատվամիջոցը պետք է շարունակի իր գործը անել՝ վերաբերմունք չարտահայտելով։ Հայաստանում քաղաքական դաշտը այսօր շատ ակտիվ գործընթացում է և, բնականաբար, հասարակությունը կարիք ունի ճշգրիտ ինֆորմացիա ստանալու, հասկանալու՝ ինչ է տեղի ունենում»,-ասաց PR ասոցիացիայի նախագահը։
Խոսելով Խորհրդարանում քննարկվող օրենսդրական նախագծի (տեսալսողական մեդիածառայություններ) մասին՝ Աստղիկ Ավետիսյանը նշեց, որ սա նախկին օրենքից ոչնչով չի տարբերվում և չկա որևէ հեղափոխական բան։




Comments