top of page

Մանվել Գրիգորյանի գույքի վրա կալանք է դրվել. կինն ու զավակները հրավիրվել են դատախազություն

Jan 18, 2022
1 min read


Դատարանը կալանք է դրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի, նրա կնոջ եւ զավակների գույքի վրա։ Այս տեղեկությունը հայտնեցին դատախազության մամուլի ծառայությունից։ Կալանքը կիրառվել է որպես ապօրինի գույքի բռնագանձման հայցի ապահովման միջոց: Մանվել Գրիգորյանին փոխկապակցված անձինք՝ կինը, որդիներն ու աղջիկները, դատախազություն են հրավիրվել վարույթի նյութերին ծանոթանալու եւ դիրքորոշում հայտնելու համար: Ըստ դատախազության՝ ժառանգության իրավունքով նրանց պատկանող գույքը ենթակա է բռնագանձման: Գլխավոր դատախազությունից պարզաբանեցին, որ մահվան հանգամանքը չի բացառում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը։ Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մահացել է 2020 թվականի նոյեմբերի 19-ին։ Նա իր կյանքի վերջին օրերին գտնվում էր ծայրահեղ ծանր վիճակում: Պատերազմի մեկնարկից հետո մեկ շաբաթ Արցախում լինելու ժամանակ վարակվել էր կորոնավիրուսով եւ առողջական վիճակը կտրուկ վատացել էր, տեղափոխվել էր Երեւան: Մանվել Գրիգորյանը երկար ժամանակ առողջական խնդիրներ ուներ: Իրեն առաջադրված մեղադրանքներով դատական նիստերը շուրջ մեկուկես տարի ձգձգվում էին այդ պատճառով: Նրա համար պարբերաբար շտապօգնություն էր ժամանում դատարան: Միայն դրանից հետո դատարանը նրան կալանքից ազատելու որոշում կայացրեց՝ պայմանավորված շուրջ 30՝ կալանքի հետ անհամատեղելի հիվանդություններով: Նա 2018 թվականի հունիսի 16-ին ձերբակալվեց, ապա կալանավորվեց՝ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու եւ պահելու մեղադրանքով: Ավելի ուշ նրան առաջադրվեցին նաեւ ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեղադրանքներ: Այս ընթացքում էլ իր եւ իր կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով դատավարությունն ընթանում է։

 
 
 

Comments


bottom of page