top of page

Մանվել Գրիգորյանը անվասայլակով տեղափոխվել է

Jun 4, 2019
1 min read

Գեներալ Մանվել Գրիգորյանին «Նաիրի» ԲԿ-ից անվասայլակով տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին Anews.am-ին հայտնեց նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը:

Ըստ համացանցում տարածված լուրերի՝ պատճառը Մանվել Գրիգորյանի՝ ներկայիս իշխանության հասցեին հնչեցրած կոշտ քննադատությունն է եղել։

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում եղած ժամանակ մշտապես հայհոյանքներ է ուղղել իշխանությունների հասցեին, ինչի հետևանքով նրան «Նաիրի» ԲԿ-ից տեղափոխել են ոչ թե «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ, այլ՝ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։

Համաձայն այլ լուրերի՝ հենց Մանվել Գրիգորյանն է հրաժարվել բուժում ստանալ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունվարի 22-ից գտնվում է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում:

Մարտի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու մասին:

Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:

 
 
 

Comments


bottom of page