top of page

Մամիկոն Ասլանյանի և մյուսների գործը դատարանում է

Jun 6, 2022
1 min read


Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի, Սուրեն Աբովյանի, Արեւհատ Հովհաննիսյանի վերաբերյալ գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։ Քրեական գործը մակագրվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարտին Արզումանյանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Մամիկոն Ասլանյանը, 2016 թվականի հոկտեմբերի 10-ից մինչեւ 2021 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող գործադիր մարմնի, ինչպես նաեւ համայնքապետարանում կազմակերպական-տնօրինչական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից եւ կատարել է պաշտոնական կեղծիք: Սուրեն Աբովյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի նոյեմբերի 28-ից մինչեւ 2019 թվականի օգոստոսի 26-ը զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի պաշտոնակատարի, իսկ այնուհետեւ ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի պաշտոնը՝ օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից պաշտոնական լիազորություններն անցնելուն եւ պաշտոնական կեղծիք կատարելուն: Արեւհատ Հովհաննիսյանը, ըստ մեղադրանքի, 2016 թվականի հոկտեմբերի 28-ից մինչեւ 2019 թվականի հուլիսի 11-ը զբաղեցնելով ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատարի, իսկ այնուհետեւ ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի պաշտոնը, օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից պաշտոնական լիազորություններն անցնելուն, չարաշահելուն եւ պաշտոնական կեղծիք կատարելուն: Քրեական գործով կալանավորված է միայն Մամիկոն Ասլանյանը, մյուսների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

 
 
 

Comments


bottom of page