Մահապատժի են ենթարկել կոռուպցիայի մեջ մեղադրվող բարձրաստիճան պաշտոնյայի

Չինաստանում մահապատժի են ենթարկել երկրում ակտիվների կառավարման խոշորագույն China Huarong Asset Management Co․ Ltd ընկերության խորհրդի նախագահ Լայ Սյաոմինին: Այս մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։ Համապատասխան որոշումը կայացրել է Տյանցզին քաղաքի ժողովրդական դատարանը։ Պաշտոնյան մեղադրվել է կաշառակերության մեջ։ «Գերագույն ժողովրդական դատարանի պնդմամբ՝ հունվարի 29-ի առավոտյան Տյանցզին քաղաքի Երկրորդ աստիճանի ժողովրդական դատարանն ի կատար է ածել Լայ Սյաոմինի մահապատիժը»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ դատավճիռը հրապարակվել էր ավելի վաղ: Զեկույցում չի հստակեցվել, թե ինչպես է իրականացվել մահապատժը, սակայն ասվում է, որ նրան թույլ են տվել մահից առաջ հանդիպել հարազատներին: 2018 թվականին Սյաոմինին կուսակցությունից հեռացրել են օրենսդրության և կուսակցական կարգապահությունը խախտելու համար: Ինչպես պարզվել է հետաքննության ընթացքում, նա մասնակցել է քաղաքական գործընթացներին, ծառայողական աստիճաններով առաջ է տարել առանձին անձանց, խոչընդոտել ստուգումների անցկացմանը: Բացի այդ, նա ստացել է թանկարժեք նվերներ, խոշոր չափի գումարներ, ինչպես նաև յուրացրել է հանրային գույքը։




Comments