ՄԱԿ-ում հաշվարկել են, թե երբ կհավասարվի երկրի ղեկավար կանանց եւ տղամարդկանց մասնաբաժինը

Առաջընթացի ներկայիս մակարդակի պարագայում պետության եւ կառավարության ղեկավար կանանց եւ տղամարդկանց հավասար մասնաբաժնին հնարավոր կլինի հասնել 130 տարի հետո, ՄԱԿ ԱԽ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿառլոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Առաջընթացի ներկայիս մակարդակի պարագայում պետության եւ կառավարության ղեկավարի պաշտոնում սեռերի հավասարության հասնելը կտեւի եւս 130 տարի»,- ասել է ԴիԿառլոն:
Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը պետք է օրինակ ծառայի սեռերի հավասարության ապահովման հարցերում: ԴիԿառլոն նշել է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը կին է նշանակել կազմակերպության հատուկ քաղաքական առաքելությունների ավելի քան 57 տոկոս ղեկավար պաշտոններում, այդ թվում՝ Աֆղանստանում եւ Իրաքում առաքելությունների:
«Մենք հանձնառու ենք ՄԱԿ հովանու ներքո անցկացվող խաղաղ գործընթացներում կանանց կառուցողական մասնակցությանը»,- նշել է նա:
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ավելի վաղ նշել էր, որ ընդամենը 22 երկրում են կանայք պետության կամ կառավարության ղեկավար: Ընդ որում՝ նախարարների միայն 21 տոկոսն է կին, իսկ կին խորհրդարանականները կազմում են պատգամավորների 25 տոկոսից պակաս:




Comments