top of page

Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության քննությունները կանցկացվեն նախատեսվածից ուշ

Apr 27, 2020
1 min read

Հայաստանում մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության քննությունները սահմանված ժամկետներից կհետաձգվեն 10 օրով։ Աս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Մագիստրատուրայի ընդունելության համար ժամկետները սահմանված են հունիսի 5-20-ը, սակայն մենք առաջարկում ենք անցկացնել դրանք հունիսի 16-30-ը։ Արդյունքները կամփոփվեն մինչև հուլիսի 5-ը»,- նշեց նախարարը։ Նրա խոսքով՝ սա արվում է երկրում հայտարարված արտակարգ դրության օրերին բաց թողնվածը լրացնելու համար։


Անդրադառնալով ասպիրանտուրայի ընդունելության գործընթացին՝ Հարությունյանն ասաց, որ առաջարկվում է կասեցնել մրցութային չհամարվող օտար լեզվի և ինֆորմատիկայի՝ տեղեկատվական-հաղորդակցական հիմունքներից ստացած միավորը հավաստող վկայականի, տեղեկանքի ներկայացման պահանջը։ «Այս առարկաները հանել ենք, քանի որ դրանք պետք է իրականացվեն որոշակի միջավայրում և տեղում, ինչն այս պահին նպատակահարմար չի»,- նշեց նախարարը։

ԿԳՄՍ նախարարը շեշտեց, որը առաջարկվում է գործընթացն իրականացնել հունիսի 16-30-ը, արդյունքներն էլ ամփոփել մինչև հուլիսի 5-ը։

Խոսելով քոլեջների և ուսումնարանների ընդունելության մասին, Հարությունյանն ընդգծեց, որ քննությունները կկազմակերպվեն օգոստոսին։ «Ընդունելությունը հիմնականում իրականացվելու է ատեստատի գնահատականներով, բացի արվեստի և առողջապահական հաստատություններից, որտեղ կիրականացվի մեկական քննություն։ Հայտերի ընդունելությունն իրականացվում է էլեկտրոնային եղանակով»,- ասաց ԿԳՄՍ նախարարը։

Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: Արտակարգ դրության օրերին Հայաստանի Հանրապետությունում փակ են բոլոր ուսումնական հաստատությունները և ուսուցումը շարունակվում է հեռավար կերպով։


 
 
 

Comments


bottom of page