top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ճգնաժամը գնալով ավելի է խորանում՝ մոտենալով անվերադարձ լինելու կետին. Սաղաթելյան



Պետք է չհաշտվել ինքնիշխանության կորստի ու պարտության հետ, հաղթահարել նվաստացումը, կառավարել կորուստներն ու ռիսկերը, վերականգնել արժանապատվությունը, հաղթահարել պարտվածի եւ փոքր պետություն լինելու հոգեբանությունը, ունենալ ազգային երազ եւ գնալ այդ երազի հետեւից: «Այս օրերին այդպես մտածող մարդկանց Հայաստանում ասում են՝ հայդատականներ, ոչմիթիզականներ, պաթոսով հայրենասերներ: Իսկ ովքե՞ր են դա ասում. Մի խումբ անսրբություն, անհյրենիք ապազգային տարրեր, որոնք մեր երկիրը կանգնեցրին այս աղետի առջեւ, որոնք ժողովրդավարությունը հակադրեցին անվտանգությանը, բարեկեցությունը եւ խաղաղությունը պայմանավորեցին զիջումներով, որոնք հետեւողականորեն թուլացնում են մեր ազգային դիմադրողականությունը: Հայաստանում ստեղծված այս իրավիճակը ժողովրդի կամքով եւ ազգային ուժերի առաջնորդությամբ պետք է փոխվի»,- այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանը հայտարարեց, որ Հայաստանի առջև այսօր ծառացած է համակարգային խոշոր ճգնաժամ. «Իշխանությունների այն պնդումները, որ ընտրություններից հետո ճգնաժամը հաղթահարված է, խաբեություն է. ճգնաժամը գնալով ավելի է խորանում՝ մոտենալով անվերադարձ լինելու կետին», - ասաց նա։

Ըստ Սաղաթելյանի՝ երկրում պետք է վերականգնել սահմանադրականությունն ու կազմակերպել երկրի սահմանների պաշտպանությունը, մշակել հայեցակարգ, իրականացնել համակարգային բարեփոխումներ անվտանգության ու տնտեսության ոլորտներում։

«Բայց, քանի դեռ կա այս իշխանությունը, այս ամենն անարդյունք է, հետևաբար, այս պահին պետք է ձևավորել դիմադրություն, դիմադրություն թշնամուն, որ մենք չունենք զիջելու հայրենիք, դիմադրություն հայրենիքը զիջումների տանող օրվա իշխանություններին, դիմադրություն հանրային կյանքում տեղի ունեցող բոլոր ապօրինություններին, իսկ երբ հասնենք համազգային ու համաժողովրդական դիմադրության, թշնամին կհեռանա մեր տնից, իսկ օրվա իշխանություններն՝ իրենց աթոռներից», - ասաց ԱԺ փոխնախագահը։

Նա ընդգծեց՝ ժամանակը սուղ է. «Կամ այն կօգտագործենք մեր օգտին, կամ կկորցնենք անվերադաձ»։

Իշխան Սաղաթելյանն ասաց, թե անհրաժեշտ է հայրենադարձությունը խրախուսող նոր ռազմավարություն. «Հայաստանում պարտվողականության քարոզն ապագա չունի. ապագան ազգային, ամուր ու արժանապատիվ պետությունն է, որի կայացման գործում մենք անելիք ունենք. շարունակեք Հայաստանի ու Արցախի համար պայքարը։ Նահանջել չկա, հետքայլ չկա, պայքարը պետք է շարունակենք», - ասաց նա։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page