Ղարիբաշվիլին եւ Միշելը քննարկել են ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի հայտը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է ԵՄ-ին անդամակցության եւ երկրին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու Վրաստանի հայտը։ Ինչպես հաղորդում է Georgia online-ը, վկայակոչելով կառավարության մամուլի ծառայությանը, հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն քննարկել են Վրաստանի հայտի դիտարկման գործընթացը, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի հարցաշարը, որի երկու մասերը Վրաստանը ժամկետից շուտ է լրացրել, ինչպես նաեւ ասոցացման համաձայնագրերի կատարման եւ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման առումով Վրաստանի գրանցած առաջընթացը։ Վարչապետը նշել է «եվրոպական ընտանիք վերադառնալու Վրաստանի պատմական ընտրությունը» եւ այս համատեքստում ընդգծել է երկրին թեկնածուի կարգավիճակ տալու Եվրահանձնաժողովի կարծիքի ու Եվրոպական խորհրդի համապատասխան որոշման կարեւորությունը։ Ղարիբաշվիլին եւս մեկ անգամ արձանագրել է Վրաստանի կառավարության եւ ժողովրդի համերաշխությունն ու անսասան աջակցությունը ուկրաինացի ժողովրդին։ Նրա խոսքով, պատերազմի ավարտը մեծ նշանակություն ունի բոլորի համար, եւ պատերազմի արդյունքները կորոշեն ինչպես ողջ աշխարհի, այնպես էլ Վրաստանի ապագան։




Comments