Ղազախստանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը

Ղազախստանի նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը հրամանագիր է ստորագրել կառավարության հրաժարականի մասին, հայտնում է Tengrinews.kz-ը։ «Ղազախստանի Հանրապետության Սահմանադրության 70-րդ հոդվածի համաձայն՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ. 1․ Ընդունել Ղազախստանի Հանրապետության կառավարության հրաժարականը: 2․ Ղազախստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար նշանակել Ալիխան Ասխանի Սմայիլովին։ 3․ Ղազախստանի Հանրապետության կառավարության անդամները կշարունակեն իրենց պարտականությունների կատարումը մինչեւ կառավարության նոր կազմի հաստատումը։ 4. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Տոկաեւը դիմել էր Ղազախստանի ժողովրդին՝ կապված երկրում տիրող իրավիճակի հետ։ Երկրի ղեկավարը կոչ է արել ժողովրդին չտրվել սադրանքներին եւ բոլոր հարցերը լուծել խաղաղ երկխոսության ձեւաչափով։ Հայտնի է դարձել նաեւ, որ ժամը 23:00-ից մինչեւ առավոտյան 7:00-ն Ալմաթիում եւ Մանգիստաու շրջանում կգործի պարետային ժամ։ Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Ժանաոզենի բնակիչները դուրս էին եկել փողոց՝ պահանջելով նվազեցնել հեղուկ գազի գները։




Comments