top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հրատարակվել է «Բոդիլ Բյորնի հետքերով՝ Նորվեգիայից Հայաստան» լուսանկարչական ալբոմը

«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը Վիքիմեդիա Նորվեգիայի և Նորվեգիայի ազգային արխիվի հետ համատեղ 2017-2018 թվականներին թվայնացրել է Նորվեգիայի ազգային արխիվում պահվող Բոդիլ Բյորնի՝ Հայոց ցեղասպանությունը և դրա հետևանքները պատկերող բացառիկ արխիվային լուսանկարները և թարգմանել դրանց նկարագրությունները։ Այս լուսանկարների հիման վրա Վիքիմեդիա Հայաստանը հետագայում կազմել է լուսանկարների եռալեզու ալբոմ՝ «Բոդիլ Բյորնի հետքերով՝ Նորվեգիայից Հայաստան» վերնագրով։ Ծրագրի իրականացման գաղափարն առաջացել էր կազմակերպության անդամ Վահանգ Փիլիպոսյանի մոտ՝ Օսլո կատարած այցից հետո։ Նախագծի համակարգող Դավիթ Սարոյանն ասում է, որ Բոդիլ Բյորնի լուսանկարները կարևոր են հայոց պատմության հետազոտման համար, քանի որ պատկերում են հայերի կյանքը Հայոց ցեղասպանության տարիներին և դրանից հետո։ «Հետաքրքիր է նաև, թե ինչպես են Մեծ եղեռնը և հայերի կյանքը արտացոլված այս լուսանկարներում, ինչպես է նորվեգացի կինը վերապրել ցեղասպանության հետևանքներն ու ինչպես է փորձել օգնել տուժածներին»,- պատմում է Դավիթ Սարոյանը։ Եռալեզու (հայերեն, նորվեգերեն և անգլերեն) այս լուսանկարչական ալբոմը ներառում է Բոդիլ Բյորնի լուսանկարները, որոնք նա նկարել է «Կին միսիոներներ» (նորվ․՝ «Kvinnelige Misjonsarbeidere») միության միջոցով՝ Սիրիայում և Հայաստանում իրականացրած մարդասիրական ծառայության ընթացքում։ Ալբոմում ներառված լուսանկարներին կից բերված են #Բոդիլ #Բյորնի նշած նկարագրությունները և դրանց բառացի թարգմանությունները։ Ալբոմի տպագրությունը ֆինանսավորել է Վիքիմեդիա Հայաստանը Վիքիմեդիա Հիմնադրամի դրամաշնորհի միջոցով։ Թվայնացված լուսանկարները բարձր որակով ազատ հասանելի են Վիքիպահեստ նախագծում և կարող են օգտագործվել առանց որևէ սահմանափակման։

0 comments
bottom of page