top of page

Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում հայտարարվել է սակավաջրություն

Apr 23, 2020
1 min read

Կառավարությունը մեկ այլ որոշմամբ հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում հայտարարել է սակավաջրություն՝ հաշվի առնելով հիդրոօդերևութաբանական գործունեության բնագավառի լիազոր մարմնի հիմնավոր և պաշտոնական տեղեկատվությունը: Որոշմամբ տրվել են սակավաջրություն հայտարարվելու դեպքում ջրային օրենսգրքով պահանջվող կարգավորումներ՝ այդ տարածքներում ջրային ռեսուրսների օգտագործման և ջրային ռեսուրսների հետ կապված գործողությունների սահմանափակումներ և չափավորումներ, ինչպես նաև սահմանվել են պետական կառավարման մարմինների նկատմամբ այլ համապատասխան պահանջներ։ Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սահմանված սակավաջրությունը կարող է վերացվել Շրջակա միջավայրի նախարարի ներկայացրած առաջարկության հիման վրա: Արդյունքում՝ առավել արդյունավետ կօգտագործվեն սահմանափակ ջրային ռեսուրսները: Կառավարությունն ընդունել է «2020 թ. գարնանը ոռոգելի աղակալված հողերի լվացման, խոնավալիցք հաղորդելու և ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու մասին» որոշում, որը հնարավորություն կտա աջակցել գյուղացիական տնտեսություններին և ապահովել գետերի վարարային ելքերի անվտանգ անցկացումը: Հիմնավորման համաձայն՝ Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության տվյալների համաձայն` գետերի ջրհավաք ավազաններում ապրիլ ամսվա ընթացքում ձևավորվող հոսքերը մոտ կլինեն նորմային, ուստի որոշման ընդունումը հնարավորություն կտա «Ջրառ» ՓԲԸ-ին հեղեղումները կանխելու, գետերի վարարումներն անվտանգ անցկացնելու նպատակով այդ վարարումները բեռնաթափել մայր ջրանցքների միջոցով և ջրօգտագործողների ընկերություններին ջուրը մատակարարել առանց հասույթ ձևավորելու: Միաժամանակ ջրօգտագործողների ընկերություններն էլ հնարավորություն կստանան իրենց մատակարարված՝ բացառապես ինքնահոս եղանակով ջուրը, ինչպես նաև վեգետացիայից առաջ հողատարածքներին խոնավալիցք հաղորդելու և աղակալված հողերի լվացում իրականացնելու նպատակով մատակարարվող ոռոգման ջուրը մինչև 10 հա հողատարածք ունեցող գյուղացիական տնտեսություններին (կախված ջրաղբյուրից և դրա ջրատվությունից` ընդամենը շուրջ 36 հազ հա հողատարածքների շուրջ 55 հազ ջրօգտագործողների) մատակարարել անհատույց:

 
 
 

Comments


bottom of page