top of page

ՀՀ-ի և ՌԴ-ի Անվտանգության խորհուրդների գրասենյակների միջև համագործակցության պլանը հաստատվել է

Apr 28, 2021
1 min read

Այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում հանդիպել են ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը եւ ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը: Այս մասին հայտնեցին Անվտանգության խորհրդի գրասենյակից։

Կողմերը ընդգծել են Հայաստանի եւ Ռուսաստանի առաջնորդների առանձնահատուկ հարաբերությունները եւ ինտենսիվ շփումները: Երկուստեք կարեւորել են Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունների եւ հատուկ ծառայությունների գծով փոխգործակցության զարգացումը:

Անվտանգային միջավայրի ապահովման համատեքստում Արմեն Գրիգորյանը անդրադարձել է հայկական Զինված ուժերում ընթացող լայնածավալ բարեփոխումներին, այս հարցում կարեւորելով երկու երկրների Զինված ուժերի փոխշահավետ համագործակցությունը, հաշվի առնելով հարաբերությունների ռազմավարական եւ դաշնակցային բնույթը։

Իր հերթին Նիկոլայ Պատրուշեւը կարեւորել է Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ ուժերի գործունեությունը, որի շնորհիվ հնարավոր է դառնում բնականոն կյանքի վերականգնումը Լեռնային Ղարաբաղում: Նա նաեւ ընդգծել է տարածաշրջանային ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում հաստատվել է Հայաստանի եւ Ռուսաստանի Անվտանգության խորհուրդների գրասենյակների միջեւ 2021 – 2022 թթ. համագործակցության պլանը:

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել առաջիկայում փոխադարձ այցերի իրականացման վերաբերյալ:

 
 
 

Comments


bottom of page