top of page
ԼՐԱՀՈՍ
Search

ՀՀ-Թուրքիա գործընթացը չի կարող լինել Փաշինյանի օրոք. Մամիջանյան


«Պատիվ ունեմ» խմբակցության մաս կազմող երկու կուսակցություններից ՀՀԿ առաջնորդը եղել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներից մեկի ճարտարապետը, և «Պատիվ ունեմ» խմբակցությունը իրապես առանց նախապայմանների կարգավորման հետ կապված իր կարծիքը բազմիցս հայտնել է: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը: Նա ընդգծեց, որ այստեղ խնդիրն այն է, որ Թուրքիայի ամենատարբեր մակարդակի պաշտոնյաների, նախագահ Էրդողանի խոսքերից պարզ է դառնում, որ Թուրքիան գործընթաց է մտնում նախապայմաններով: Հայկ Մամիջանյանի խոսքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը չի կարող իրականացվել հայ ժողովրդի մեջքի հետևում, քանի որ ընթացիկ յուրաքանչուր իրադարձության վերաբերյալ տեղեկացվել են հիմնականում Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուից, հետո արդեն ՀՀ ԱԳՆ-ից, իսկ Ստոկհոլմում մեր երկու երկրների ԱԳ նախարարների ոչ ֆորմալ հանդիպման մասին առհասարակ այդպես էլ տեղեկություն չտարածվեց: «Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ ի հաշիվ ղարաբաղյան հակամարտության, թեպետ Չավուշօղլուն արդեն իսկ ասել է, որ յուրաքանչյուր քայլը խորհրդակցում, համաձայնեցնում են Ադրբեջանի հետ: Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի հաշվին, թեպետ արդեն իսկ տեսել ենք ԱԳՆ արտահայտությունը: Այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ՝ արհամարհելով Սփյուռքի կարծիքը, չլսելով և չխորհրդակցելով Սփյուռքի հետ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը: Նա նշեց, որ այդ գործընթացը չի կարող տեղի ունենալ լռելյայն, կուլ տալով այն բոլոր վայրագություններն ու հանցագործությունները, որոնք Թուրքիան իրականացրել է 44-օրյա պատերազմի ընթացքում և ունի լկտիություն պաշտոնապես դրանք ընդունելու: «Այս գործընթացը չի կարող տեղի ունենալ ի հաշվի ղարաբաղյան հակամարտության բանակցությունների: Հիշեցնեմ` Ապրիլյան պատերազմից հետո Մինսկի խմբի կողմից, որի անդամ է նաև Թուրքիան, տարածվեց հաղորդագրություն, որտեղ կարևորվում էր ուժի չկիրառման սկզբունքը, իսկ այս պատերազմին Թուրքիան անմիջական մասնակից էր»,- ասաց Հայկ Մամիջանյանը: Ըստ նրա, այդ գործընթացը անտրամաբանական է սկսել ենթադրաբար հեռացող նախագահի օրոք, քանի որ հաջորդ տարի Թուրքիայում ընտրական տարի է, Էրդողանի վերընտրվելու շանսերը շատ ցածր են, իսկ նա համարվում է պանթուրքիստական նկրտումներով ղեկավար: «Այս գործընթացը չի կարող տեղի ունենալ Փաշինյանի օրոք, որովհետև մեկ անգամ կապիտուլյացիա ստորագրածը հա էլ կստորագրի»,- ընդգծեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page