top of page

ՀՀ գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազը վարակվել է կորոնավիրուսով

Apr 20, 2020
1 min read

ՀՀ գլխավոր դատախազության վարչություններից մեկի դատախազի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, ներկայումս նա ստանում է համապատասխան բուժում: Արմենպրեսի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նա հայտնել է, որ դատախազի առողջական վիճակը լավ է և առկա է բարելավման դինամիկա:

«Դատախազի մոտ ջերմություն և այդ վարակին բնորոշ ախտանշաններ չեն եղել: Նրա հետ կոնտակտի մեջ գտնված անձանց շրջանակը պարզվել է, ընտանիքի անդամները մեկուսացվել են այդ նպատակով նախատեսված վայրում: Իսկ առանձին գործընկերները, որոնց հետ շփումներ ունեցել է, գտնվում են ինքնամեկուսացման մեջ: Նրանց մոտ համապատասխան հիվանդութան  վերաբերյալ տվյալներ առայժմ չունենք: Ախտանշանների ի հայտ գալու դեպքում անմիջապես միջոցներ կձեռնարկվեն նրանց թեստավորման համար»,- ասաց Խաչատրյանը։

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետը նշեց նաև, որ որ ՀՀ դատախազության աշխատակիցների մեծ մասն աշխատում է տանից։

Խաչատրյանի խոսքով՝ ՀՀ գլխավոր դատախազությունում միջոցներ են ձեռնարկվում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար:

«Նախ՝ արդեն տևական ժամանակ է, աշխատակիցների մեծ մասը, այդ թվում նաև դատախազները, աշխատանքային գործունեությունն իրականացնում են բնակության կամ փաստացի գտնվելու վայրում ինքնամեկուսացման պայմաններում: Իսկ աշխատանքի հաճախող բոլոր աշխատակիցները պարտադիր ամեն օր ջերմաչափվում են, դատախազության վարչական շենքերում պարբերաբար իրականացվում են ախտահանման աշխատանքներ: Վերջին անգամ կրկնակի ախտահանում իրականացվել է այս շաբաթ կիրակի օրերին: Բացի այդ, բոլոր աշխատակիցները, աշխատասենյակներն ապահովված են ալկոգելներով կամ այլ ախահանիչ միջոցներով»,- եզրափակեց Խաչատրյանը։


 
 
 

Comments


bottom of page