top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հարցախույզը ցույց է տալիս, որ ավելի շատ հայեր են զգում իրենց երկրի սխալ ուղղությամբ գնալը. Սասունյան

Վաշինգտոնի Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից 2021 թվականի նոյեմբերի 22-ից մինչև դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում անցկացված հանրային կարծիքի հարցախույզը գնահատել է Հայաստանի բնակչության տեսակետները քաղաքական, տնտեսական և անվտանգության խնդիրների վերաբերյալ։ Հետազոտությունը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից։ Այս մասին իր հոդվածում գրել է «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հետազոտության հիմնական բացահայտումն այն է, որ բնակչության 46 տոկոսը կարծում է՝ «Հայաստանը գնում է սխալ ուղղությամբ», մինչդեռ միայն 34 տոկոսն է կարծում, որ երկիրը գնում է «ճիշտ ուղղությամբ»։ Սա խոսում է այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաճախակի պարծենալը, թե ինքը վայելում է «ժողովրդի մանդատը», բոլորովին այդպես չէ։ Սա զգալի տեղաշարժ է 2021 թ. հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում վարչապետի կուսակցության ստացած ձայների 54 տոկոսից։ Ավելի կարևորը՝ նրանց թիվը, որոնք կարծում են, որ Հայաստանը սխալ ուղղությամբ է գնում, 2021 թ. մայիսի 21-ի 20 տոկոսից 2021 թ. հուլիսին հասել է 34 տոկոսի, իսկ 2021 թ. դեկտեմբերին՝ 46 տոկոսի։ Այնուամենայնիվ, մեկ այլ կարևոր հարցի վերաբերյալ՝ «Հավատո՞ւմ եք, որ Դուք և Ձեզ նման մարդիկ կարող են ազդել մեր երկրում ընդունվող որոշումների վրա», 66 տոկոսը պատասխանել է այո, իսկ 33 տոկոսը՝ ոչ: Սա միանշանակ դրական ցուցանիշ է իշխանությունների համար։ Հաջորդ հարցը՝ «Դուք բավարարվա՞ծ եք մեր երկրում ժողովրդավարության զարգացման ընթացքով, թե՞ ոչ», երկիրը գրեթե հավասարապես բաժանվել է՝ 51 տոկոս՝ այո և 47 տոկոս՝ ոչ: Հարցին՝ «Դուք համարում եք, որ մեր երկիրը կառավարվում է մարդկանց մեծամասնությա՞ն, թե՞ որոշ խմբերի շահերից ելնելով», 61 տոկոսն ասել է, որ այն կառավարվում է «որոշ խմբերի» շահերից ելնելով, մինչդեռ միայն 31 տոկոսն է ասել, որ այն կառավարվում է «մեծամասնության» շահերից ելնելով: Սա բացասաբար է անդրադառնում ներկայիս իշխանության վրա։ Դրական կողմն այն է, որ հարցվածների 66 տոկոսն ասել է, որ «չի վախենում իր կարծիքը բացահայտ արտահայտելուց», մինչդեռ 31 տոկոսն ասել է, որ վախենում է դա անել: Հարցին՝ «Որքանո՞վ եք բավարարված հետևյալ պետական մարմինների աշխատանքով», ամենաբարձր հավանության արժանացել է Փաշինյանի կառավարությանը հաճախակի քննադատող՝ Մարդու իրավունքների պաշտպանի (օմբուդսմենի) գրասենյակը (68 տոկոս գոհ և 25 տոկոս դժգոհ). ոստիկանություն (68 տոկոսն ընդդեմ 29 տոկոսի)․ տեղական ինքնակառավարման մարմիններ (63 տոկոսն ընդդեմ 33 տոկոսի). զինված ուժեր (58 տոկոսն ընդդեմ 37 տոկոսի)․ Կենտրոնական ընտրական հանձնաժողով (57 տոկոսն ընդդեմ 33 տոկոսի) և Ազգային անվտանգության ծառայություն (50 տոկոսն ընդդեմ 41 տոկոսի)։ Վարչապետի աշխատակազմը զբաղեցրել է 7-րդ տեղը՝ 49 տոկոս գոհ և 48 տոկոս դժգոհ։ Հայաստանի խորհրդարանը զբաղեցրել է 16-րդ տեղը՝ 31 տոկոս բավարարված և ահռելի՝ 67 տոկոս դժգոհ։ Սա զարմանալի չէ, քանի որ խորհրդարանի հեռարձակվող նիստերում հաճախ ցուցադրվում են գոռգոռոցների, վիրավորանքների և ֆիզիկական բռնության տեսարաններ, որոնք ավարտվում են վարչապետի կուսակցությունը ներկայացնող խորհրդարանի ղեկավարության կտրուկ հրամաններով՝ անջատել հեռուստատեսային տեսախցիկները՝ քողարկելու կռվազան խորհրդարանականների անկարգությունները։ Անդրադառնալով արտաքին քաղաքական խնդիրներին՝ հարցվածները Հայաստանի հետ լավագույն հարաբերություններ ունեցող Ֆրանսիան 92 տոկսով դասել են առաջին տեղում։ Այնուհետև գալիս են Իրանը (80 տոկոս). Միացյալ Նահանգները (77 տոկոս). Չինաստանը (75 տոկոս). Եվրամիությունը (69 տոկոս); Ռուսաստանը (64 տոկոս). Վրաստանը (58 տոկոս)․Մեծ Բրիտանիան (47 տոկոս). այլ (10 տոկոս), Թուրքիան (5 տոկոս) և ամենավերջում՝ Ադրբեջանը՝ 3 տոկոս։ «Ո՞ր երկու երկրներն եք համարում առավել կարևոր քաղաքական գործընկեր Հայաստանի համար» հարցին, պատասխանել են՝ Ռուսաստան (57 տոկոս). Ֆրանսիա (50 տոկոս). ԱՄՆ (38 տոկոս). Իրան (23 տոկոս). Եվրամիություն (5 տոկոս). Չինաստան (5 տոկոս). Վրաստան (3 տոկոս) և Հնդկաստան (1 տոկոս): Ի պատասխան՝ «Ո՞ր երկու երկրներն եք համարում առավել կարևոր տնտեսական գործընկեր Հայաստանի համար» հարցին, Ռուսաստանը կրկին 61 տոկոսով առաջինն է. Իրան (40 տոկոս). Չինաստան (29 տոկոս), ԱՄՆ (16 տոկոս), Ֆրանսիա (14 տոկոս), Վրաստան (8 տոկոս), Եվրամիություն (7 տոկոս), Հնդկաստան (2 տոկոս) և Թուրքիա (2 տոկոս): «Ո՞ր երկու երկրներն եք համարում անվտանգության ոլորտում առավել կարևոր գործընկեր Հայաստանի համար» հարցի պատասխաններն էին. Ռուսաստան (64 տոկոս). Ֆրանսիա (32 տոկոս). Իրան (31 տոկոս). ԱՄՆ (26 տոկոս). Եվրամիություն (5 տոկոս). Չինաստան (4 տոկոս). Վրաստան (2 տոկոս) և Հնդկաստան (1 տոկոս): «Ո՞ր երկու երկրներն են ներկայացնում ամենամեծ քաղաքական սպառնալիքը Հայաստանի համար»։ Հետազոտության մասնակիցներն ասել են. Թուրքիա (90 տոկոս). Ադրբեջան (77 տոկոս). Ռուսաստան (15 տոկոս). Մեծ Բրիտանիա (3 տոկոս). Իսրայել (2 տոկոս). ԱՄՆ (2 տոկոս) և Վրաստան (1 տոկոս)։ «Ո՞ր երկու երկրներն են ներկայացնում ամենամեծ տնտեսական սպառնալիքը Հայաստանի համար»։ Հետազոտության մասնակիցներն ասել են. Թուրքիա (68 տոկոս). Ադրբեջան (52 տոկոս). Ռուսաստան (17 տոկոս). Վրաստան (10 տոկոս). Իրան (4 տոկոս). ԱՄՆ (1 տոկոս). Չինաստան (1 տոկոս) և Եվրամիություն (1 տոկոս)։ «Ո՞ր երկու երկրներն են ներկայացնում ամենամեծ անվտանգային սպառնալիքը Հայաստանի համար»։ Հարցման մասնակիցներն ասել են՝ Թուրքիա (88 տոկոս). Ադրբեջան (81 տոկոս). Ռուսաստան (11 տոկոս). Իրան (2 տոկոս). ԱՄՆ (2 տոկոս). Իսրայել (2 տոկոս). Վրաստան (1 տոկոս). Ֆրանսիա (1 տոկոս) և Մեծ Բրիտանիա (1 տոկոս): «Ո՞ր երկու երկրների հետ է պետք բարելավել հարաբերությունները Հայաստանի զարգացման համար»։ Հետազոտության մասնակիցներն ասել են՝ Ռուսաստան (53 տոկոս). ԱՄՆ (35 տոկոս). Իրան (29 տոկոս). Ֆրանսիա (25 տոկոս). Չինաստան (15 տոկոս). Եվրամիություն (9 տոկոս). Վրաստան (7 տոկոս). Թուրքիա (5 տոկոս). Ադրբեջան (4 տոկոս). Հնդկաստան (1 տոկոս) և Մեծ Բրիտանիա (1 տոկոս): Հետազոտության հաջորդ հարցն էր, թե արդյոք հարցվողները համաձայն են կամ ոչ հետևյալ երեք հարցերի հետ. 1) 73 տոկոսը համաձայն է, իսկ 25 տոկոսը համաձայն չէ, որ «Հայաստանը պետք է երկխոսություն սկսի Թուրքիայի հետ և կարգավորի երկկողմ հարաբերությունները՝ առաջ քաշելով Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության հետագա ճանաչման օրակարգը»։ 2) 70 տոկոսը համաձայն է, իսկ 27 տոկոսը համաձայն չէ, որ «Հայաստանը պետք է հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ՝ առաջ քաշելով իր նախապայմանները, ինչպիսին է, օրինակ, Թուրքիայի կողմից Արցախի խաղաղ կարգավորման գործընթացին չխոչընդոտելը»։ 3) 44 տոկոսը համաձայն է, իսկ 53 տոկոսը համաձայն չէ, որ «Հայաստանը ոչ մի դեպքում չպետք է ձգտի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը»։ Հարցման մասնակիցների մեծ մասը համաձայն չէ Փաշինյանի հետ, որ Ադրբեջանի հետ ճանապարհների բացումը ձեռնտու է Հայաստանին։ Հարցին՝ «Ինչպե՞ս կազդի Հայաստանի տնտեսական զարգացման վրա տրանսպորտային ուղիների բացումը Ադրբեջանի հետ», դրական պատասխան է տվել 27 տոկոսը. բացասական՝ 59 տոկոսը: Նույնը վերաբերում է Թուրքիային։ Հարցին՝ «Ինչպե՞ս կազդի Հայաստանի տնտեսական զարգացման վրա տրանսպորտային ուղիների բացումը Թուրքիայի հետ», 35 տոկոսը դրական պատասխան է տվել, իսկ 53 տոկոսը՝ բացասական: Հարցին. «Հայաստանի ապագայի համար որքանո՞վ է կարևոր առաջիկա 10 տարում Արցախյան հիմնախնդրի լուծումը», ճնշող մեծամասնությունը՝ 96 տոկոսը, պատասխանել է «կարևոր է», իսկ 3 տոկոսը՝ «կարևոր չէ»: Հետազոտության հետևյալ հարցին՝ «Ո՞րն է լինելու Արցախյան հիմնախնդրի լուծման ընդունելի տարբերակ»․ - 35 տոկոսն ասաց․ «Արցախի ճանաչում՝ որպես անկախ պետություն։ - 34 տոկոսն ասաց․ «Արցախի միացումը Հայաստանին որպես Հայաստանի Հանրապետության մարզ»։ - 16 տոկոսն ասաց․ «Արցախի ինքնավար շրջանի կարգավիճակի հաստատում Հայաստանի կազմում»։ - 11 տոկոսն ասաց․ «Արցախի կարգավիճակի հաստատում Ռուսաստանի կազմում»։ - 1 տոկոսն ասաց․ «Ներկայիս ստատուս քվոյի պահպանումը»։ Հարցին՝ «Արդյոք Հայաստանը կարո՞ղ է ինքնուրույն պաշտպանել Ադրբեջանի հետ իր սահմանները՝ առանց որևէ այլ երկրի օգնության», 46 տոկոսն ասաց՝ այո, 53 տոկոսը՝ ոչ: Ի վերջո, հարցրին՝ «Ո՞ր երկիրը կցանկանայիք օգներ Հայաստանին իր սահմանները պաշտպանելու գործում», 47 տոկոսն ասել է Ռուսաստանը. 18 տոկոսը՝ ԱՄՆ-ը. 14 տոկոսը՝ Ֆրանսիան. 8 տոկոսը՝ Իրանը. 2 տոկոսը՝ Չինաստանը. 1 տոկոսը՝ Եվրամիությունը. 1 տոկոսը՝ Մինսկի խմբի բոլոր երեք երկրները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և 1 տոկոսը՝ ՆԱՏՕ-ն։ Համաձայն ենք, թե ոչ, սրանք հայաստանցիների պատասխաններն են։ Այն արտացոլում է նրանց ներկայիս մտածելակերպը: Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page