Հարկային արտոնությունների փաթեթ՝ Արցախի ԱԺ-ում. կօգտվի շուրջ 4600 հարկ վճարող

Հարկային արտոնությունների փաթեթ՝ Արցախի Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովը փետրվարի 9-ին հրավիրել է նիստ՝ հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանի ղեկավարությամբ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։ Օրակարգում հարկային արտոնություններին առնչվող օրենքների նախագծերի փաթեթի 2-րդ ընթերցմամբ հաստատելն ու օրինագծերում փոփոխություններ մտցնելն էր։ Նախագծի փաթեթում լրացուցիչ առաջարկվում է «Հարկերի մասին» օրենքում նախատեսել դրույթ, համաձայն որի կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից վճարված հարկերի 50 տոկոսը կուղղվի նրանց կողմից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը ստացված վարկերի փոխառությունների և դրանց սպասարակման համար վճարված տոկոսների փոխհատուցմանը: Վերադարձը կիրականացվի եռամսյակային կամ կիսամյակային պարբերականությամբ՝ երեք տարի ժամկետով: Նախագծի դրույթները կիրառելի չեն լինի վարկային կազմակերպությունների, բանկերի, օգտակար հանածոների արդյունահանման, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման գործունեություններ իրականացնող անձանց համար: Պատերազմական գործողություններրի հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին օրենքի նախագծով առաջարկվում է նաև գույքահարկի և հողի հարկի հաշվարկների ներկայացման և վճարման ժամկետները երկարաձգել մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը, կազմակերպությունների և ֆիզիկական անձանց պատկանող՝ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում գտնվող անշարժ և շարժական գույքերի և հողամասերի մասով կուտակված գույքահարկի և հողի հարկի պարտավորությունները զրոյացնել: Հարկային արտոնություններից փաստացի կօգտվի շուրջ 4600 հարկ վճարող՝10,7 մլրդ դրամ գումարի չափով:




Comments