top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայոց Ազգային գաղափարախոսությունն այլընտրանք չունի. Դերենիկ Մելիքյան


Հայոց Ազգային գաղափարախօսութիւնն այլընտրանք չունի: Այս մասին իր հոդվածում գրել է «ԱԼԻՔ» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը:

Նա մասնավորապես նշել է. «Երէկ 125-ամեակն էր Հայ ազատագրական պայքարի բացառիկ խիզախումներից՝ «Բանկ Օտոմանի գրաւման», որով Հայ Յեղափոխական Դաշնակցութեան մարտիկները 1896 թ. օգոստ. 14-ին, Ստանբուլի կենտրոնում իսկ հարւած իջեցրին Համիդեան հայասպան ռեժիմի տնտեսական գլխաւոր կիզակէտերից մէկին…

Հայ ազատագրական պայքարի աւելի քան 130-ամեայ փառահեղ շղթան «Բանկ Օտոմանի գրաւման» նման ոսկեայ բազմաթիւ օղակներով է ամրագրւած եղել, դառնալով հպարտութեան, յուսավառութեան ու նոր յաղթանակների տատասկոտ ճանապարհին՝ ուղենիշ եւ որ կարեւոր է՝ պայքարող սերունդների համար դաստիարակութեան, այսինքն՝ ազգային գաղափարախօսութեան ձեւաւորման ու պահպանման արժէքային համակարգ:

Ահաւասիկ, պատահական ու լոկ լոզունգային դրսեւորումներ չէին Բանկ Օտոմանների գրաւման նման պատմական, թէ՝ ժամանակակից այլ խիզախումները՝ «Խանասորից Լիսբոն, Լիսբոնից՝ Արցախ»… գաղափարահէնք կարգախօսները, որոնք ոչ այլ ինչ էին, քան նոյն ազգային գաղափարախօսութեան, այսինքն՝ հայոց համազգային պահանջատիրութեան եւ նոյնինքն՝ հայութեան արդար դատի արդիականութիւնն ու անժամանցելիութիւնը….

… Ո՞րն է, սակայն, պատմա-աշխարհագրա-քաղաքական հանգամանքների կամ «օրինաչափութեանց» բերումով հայոց (Հայաստան աշխարհ եւ ողջ հայութիւն) աւելի քան 130-ամեայ թշնամիների՝ թուրք-թաթարական (Ադրբեջան յորջորջւած շինծու պետութիւն) այսպէս ասած՝ ազգայնամոլական գաղափարախօսութիւնը, եթէ ոչ 180 աստիճան հակադրութիւնը՝ հայոց ազգային գաղափարախօսութեան…:

Մէկ խօսքով՝ հայոց պահանջատիրութեան ու Հայ Դատի թիւ 1 թշնամիներն են մնում Թուրքիան ու Ադրբեջանը: Իսկ սրանց ջրաղացին ջուր լցնողներն են եղել ինչպէս պատմական կտրւածքով բոլշեւիզմ-սովետամէտ հակազգայինները, այնպէս էլ մերօրեայ նէո-լիբերալ ապազգային թուլամորթ պատեհապաշտները, որոնք այսօր իսկ բացէ ի բաց գովազդում են թուրքա-ադրբեջանական հայատեաց գաղափարախօսութիւնը, երբ անամօթաբար քննադատում-պախարակում են իրենց իսկ ասութեամբ՝ «հայդատականներին» ու «ոչմիթիզհողականներին»…:

Ամէն ինչ պարզ է:

Կռիւը՝ ներազգային թէ արտաքին ճակատներում ընթանում է սեփական ու օտարամոլ գաղափարախօսութիւնների միջեւ:

Ազգային գաղափառախօսութիւնը, սակայն, ճաշակային ու ընտրողական չէ, այլ իրողութիւն է ու պատմական օրինաչափութիւն՝ անկախ նրանից, թէ ինչ ուղղութիւն է որդեգրում տւեալ իշխանութիւնը, ինչքան էլ իրեն «նորարարական» յորջորջի:

Ազգային գաղափարախօսութեանը խորթ ու պարտւողական ուղղութիւն որդեգրող իշխանութիւնը, սակայն անտարակուսելիօրէն համազգային դատապարտմանն է արժանանալու, քանզի Հայոց ազգային գաղափարախօսութիւնն այլընտրանք չունի»:


«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՎՈՐ ԽՄԲԱԳԻՐ

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page