top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայկական համադպրոցական գիտության փառատոն. եզրափակիչ փուլը՝ ապրիլի 3-ին


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը 2021 թ. ապրիլի 3-ին կամփոփի Հայկական համադպրոցական գիտության փառատոնի եզրափակիչ փուլը: Միջոցառումը կկայանա Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանում (հասցե՝ ք. Երեւան, Տերյան 105), մեկնարկը՝ ժամը 10:00-ից:

ԿԳՄՍՆ-ից Anews.am-ին հայտնում են, որ փառատոնի նպատակն է դպրոցահասակ սովորողների շրջանում հետաքրքրություն սերմանել գիտական հետազոտությունների նկատմամբ, զարգացնել խմբային աշխատանքի, նորարարական ծրագրերի իրականացման եւ դրանց ներկայացման հմտություններ:

Համադպրոցական գիտության փառատոնին մասնակցելու համար ՀՀ մարզերի եւ մայրաքաղաք Երեւանի դպրոցների ավագ դասարանների աշակերտները գիտական ղեկավարների աջակցությամբ իրականացրել են անհատական կամ խմբային (մինչեւ 3 աշակերտ) գիտահետազոտական նախագծեր, որոնք կներկայացվեն փառատոնի եզրափակիչ փուլում:

Միջոցառմանը մասնակցելու են Երեւանի, Շիրակի, Կոտայքի, Արագածոտնի, Սյունիքի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի 20 ուսումնական հաստատությունների շուրջ 110 աշակերտներ` ներկայացնելով 44 գիտահետազոտական նախագիծ:

Եզրափակիչ փուլում աշակերտների ներկայացրած հետազոտական նախագծերը կգնահատի մասնագիտական հանձնաժողովը: Այդ փուլը հաղթահարած մասնակիցները կպարգեւատրվեն վկայագրերով եւ մրցանակներով, ինչպես նաեւ առավելագույն միավոր ստացած նախագիծը սույն թվականի մայիսի 3-6-ն ընկած ժամանակահատվածում կներկայացվի (առցանց եղանակով) ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair):

Փառատոնի եզրափակիչ փուլի շրջանակում տեղի կունենան հայ գիտնականների դասախոսություններ` հետեւյալ թեմաներով.

«Ի՞նչ է վիրուսը» (Հովակիմ Զաքարյան, վիրուսաբան, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ),

«Գիտության բեկումնային դերը Բրիտանիայի ճակատամարտում» (Հայկ Սարգսյան, ֆիզիկոս, Հայ-ռուսական համալսարան):

Կկայանա նաեւ գիտափորձերի ցուցադրություն` «Yerevan young minds» եւ «ArMicro ASM Student Chapter» խմբերի ու ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողների կողմից:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page