Հայիթիում հաստատել են կառավարության կազմը՝ վարչապետ Անրիի գլխավորությամբ

Հայիթիի իշխանությունները հաստատել են երկրի նոր կառավարության կազմը՝ Արիել Անրիի գլխավորությամբ, որին նախագահ Ժովենել Մոիզը նշանակել էր վարչապետի պաշտոնում իր սպանությունից երկու օր առաջ: Համապատասխան տեղեկատվությունը հրապարակվել է հանրապետության Monitor պաշտոնական թերթում, հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Կառավարության անդամներ. Արիել Անրի՝ վարչապետ», - ասվում է տեքստում: «Վարչապետի նախագահությամբ նախարարների խորհուրդը գործադիր իշխանություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ նոր նախագահ չի ընտրվել»:
Անրին կաշխատի նաեւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում: Վարչապետի պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը Մոիզի սպանությունից հետո նոր կաբինետում ստացել է արտաքին գործերի եւ կրոնական գործերով նախարարի պաշտոնը: Հայիթիի կառավարության թվիթերյան էջում հաղորդվում է, որ դրա անդամների երդմնակալության արարողությունը տեղի կունենա երեքշաբթի՝ հուլիսի 20-ին, մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսում, ժամը 15:00-ին:
The Washington Post-ի հետ հարցազրույցում, որը ավելի վաղ է տպագրվել, Ժոզեֆը հայտարարել էր կառավարության ժամանակավոր ղեկավարի պաշտոնը լքելու պատրաստակամության մասին: Ըստ նրա՝ հեռանալու որոշումը կայացվել է «երկրի բարօրության համար»՝ Անրիի հետ բանակցությունների արդյունքում:
Նախագահի սպանությունից հետո Ժոզեֆը ստանձնել է երկրի կառավարումը: Մոիզի կողմից վարչապետի պաշտոնում նշանակված Անրին հայտարարել է, որ հենց ինքը պետք է կառավարի հանրապետությունը մինչեւ նոր ընտրությունները՝ նշելով, որ լիարժեք չի համարում ներկայիս կառավարությունը: Հայիթիում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նշանակված են սեպտեմբերի 26-ին, անհրաժեշտության դեպքում նոյեմբերի 21-ին կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ:
Մոիզը մահացու վիրավորվել էր հուլիսի 7-ին՝ նստավայրի վրա անհայտ անձանց հարձակման հետեւանքով: Վիրավորվել եւ հիվանդանոց է տեղափոխվել նաեւ երկրի առաջին տիկին Մարտին Մոիզը: Նախարարների խորհուրդը հանրապետությունում 15 օրով ռազմական դրություն է մտցրել:




Comments