top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայաստանը զբաղեցրել է 51-րդ տեղը «Մամուլի ազատության համաշխարային ինդեքսում»



Հայաստանն զբաղեցրել է 51-րդ տեղը «Մամուլի ազատության համաշխարային ինդեքսում», որը հրապարակվել է «Թղթակիցներ առանց սահմանի» (RSF) կազմակերպության կողմից։ Հայաստանն ունի 68,97 միավոր եւ լավագույն ցուցանիշը Հարավային Կովկասի երկրների մեջ։ Ադրբեջանը զբաղեցրել է 154-րդ, Վրաստանը՝ 89-րդ տեղը։ Նշենք, որ անցած տարի Հայաստանը զբաղեցրել էր 63-րդ տեղը։ «Չնայած պլյուրալիստական միջավայրին՝ ԶԼՄ-ները բեւեռացված են մնում։ Երկիրը բախվում է ապատեղեկատվության եւ ատելության հրահրման աննախադեպ մակարդակի, հատկապես Ղարաբաղի տարածքային վեճի հետ կապված՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ»,- գրել են հեղինակները։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, զեկույցի հեղինակները նշել են, որ նախագահ Իլհամ Ալիեւը վերացրել է պլյուրալիզմ հիշեցնող ամեն բան եւ 2014-ից անխնա փորձում է ստիպել լռել բոլոր քննադատողներին։ Այս տարի լավագույն ցուցանիշը Նորվեգիայինն է, նրան հաջորդում են Դանիան, Շվեդիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Պորտուգալիան, Կոստա Ռիկան, Լիտվան, Լիխտենշտեյնը։ Վարկանիշը եզրափակում են հաջորդ տասը երկրները՝ Սիրիա, Իրաք, Կուբա, Վիետնամ, Չինաստան, Մյանմա, Թուրքմենստան, Իրան, Էրիթրեա, Հյուսիսային Կորեա։ Ինդեքսի վարկանիշը կազմվել է 0-100 միավորի հաշվարկով. 100-ը լավագույն միավորն է (մամուլի ազատության ամենաբարձր մակարդակ), իսկ 0-ն՝ ամենավատը։ Այդ գնահատականը հաշվվում է երկու բաղադրիչի հիման վրա. • լրագրողների եւ ԶԼՄ-ների հանդեպ չարաշահումների քանակական ցուցանիշը՝ իրենց աշխատանքի հետ կապված, • յուրաքանչյուր երկրում կամ տարածքում իրավիճակի որակական վերլուծություն՝ հիմնված RSF-ի մամուլի ազատության ոլորտի պրոֆեսիոնալների (լրագրողներ, հետազոտողներ, գիտնականներ եւ իրավապաշտպաններ) պատասխանների վրա։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page