top of page

Հայաստանի և Ղրղզստանի փոխվարչապետերի հանդիպումը

Jul 19, 2019
1 min read

ՄԱԿ-ի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հուլիսի 17-ին հանդիպեց Ղրղզստանի փոխվարչապետ Զամիրբեկ Ասկարովի հետ:

Տիգրան Ավինյանն ասաց, որ Հայաստանը կարևորում է Ղրղզստանի հետ հարաբերությունների զարգացումը ինչպես երկկողմ այնպես էլ ինտեգրացիոն միավորումների և միջազգային կազմակերպությունների ձևաչափում: Այս առումով զրուցակիցներն անդրադարձան Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղի ունեցող ինտեգրման գործընթացներին:

Կողմերը քննարկեցին առևտրատնտեսական համագործակցության ակտիվացմանն ու իրավապայմանագրային բազայի կատարելագործմանը վերաբերող հարցերը և կարևորեցին տնտեսական համագործակցության միջակառավարական հանձնաժողովի գործունեության շուտափույթ մեկնարկը: Ընդգծվեց, որ նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններ կան, և այս համատեքստում հատկապես կարևորվեց Հայաստանի էլեկտրոնային կառավարման ոլորտում կուտակած փորձը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ուսումնասիրել միասնական էներգետիկ շուկայի ձևավորման ներուժը և այս ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մյուս հարցերը ներառել հայ-ղրղզական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի օրակարգ:

Ղրղզստանի փոխվարչապետն առաջարկեց նաև ակտիվացնել հարաբերությունները միջխորհրդարանական դիվանագիտության և տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցության ուղղություններով:

 
 
 

Comments


bottom of page