top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հայաստանի սուբյեկտությունը կարող է վերադարձնել միայն երկրի իսկական տերը` ժողովուրդը. Մինասյան


Մի իրավիճակում, երբ Հայաստանը չունի երկկողմ, ոչ միջնորդավորված հարաբերություններ աշխարհի որեւէ երկրի, նույնիսկ Արցախի հետ, մեզ մնում է միայն սպասել, թե ինչպես կորոշվի մեր ճակատագիրը: Այս մասին իր Telegram-ալիքում գրել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

«Որոշեցի աշխարհաքաղաքականության վերաբերյալ շարք գրել՝ գիտակցելով, որ ներքին քաղաքականությունը դադարել է գոյություն ունենալ որպես այդպիսին: Գուցե վերադառնամ դրան, բայց այս պահին ինձ այլ բան է անհանգստացնում: Մենք կորցրել ենք մեր սուբյեկտությունը: Մենք ներքին քաղաքականությունը պատվիրակել ենք Ատելության եւ Պառակտման Առաքյալին՝ թույլ տալով, որ քաոսը որոշի մեր երկրի ապագան: Մենք կորցրել ենք մեր սուբյեկտությունը արտաքին քաղաքականության մեջ՝ ստորաքարշությամբ ենթարկվելով բոլորի եւ ամեն ինչի պահանջներին եւ չակնարկելով մեր շահերի մասին: Այսօրվա դրությամբ մեր երկրի կարգավիճակը պրոտեկտորատն է: Փառք Աստծո, որ Հայաստանի սահմաններին չնչին վտանգի դեպքում ռուսական եռագույնն է հայտնվում: Բայց մենք պետք է երեք հարց տանք մեզ՝ որքան է սա շարունակվելու, ինչ գին ենք վճարելու սրա համար եւ, որ ամենակարեւորն է՝ ով եւ երբ է որոշում, թե ինչն է վտանգավոր, ինչը` ոչ: Մի օր, միգուցե, կրկին սույեկտություն ձեռք բերենք: Իսկ մինչ այդ ես հիմնականում գրելու եմ աշխարհաքաղաքականության մասին, քանի որ հենց այս ասպարեզում է որոշվելու մեր ապագան:

Հայաստանի սուբյեկտությունը կարող է վերադարձնել միայն երկրի իսկական տերը` ժողովուրդը: Ժողովուրդ, որ Նիկոլին մանդատ է տվել նրա կատարած բոլոր հանցագործությունների համար, ժողովուրդ, որ առաջին հայացքից ներել է նրան ամեն ինչ, ժողովուրդ, որ պահանջում է իր փրկությունը, սակայն այնպես, որ հնարավորինս քիչ մասնակցի այդ փրկությանը։ Գիտակից դիտարկողը կգիտակցի, որ դա անհնար է, եւ քանի դեռ ժողովուրդը գերադասում է, որ իրեն հնարավորինս քիչ անհանգստացնեն, նա հեռանում է քաղաքական գործընթացից՝ վերածելով, վերափոխելով այն աշխարհաքաղաքականի:

Իսկ աշխարհաքաղաքականության հետ կապված իրավիճակը մեզ մոտ շատ վատ է: Հայկական քաղաքական դաշտի երկու հակադիր գաղափարախոսությունները՝ արեւմտամետ եւ ռուսամետ, ստիպված հանդուժում են Նիկոլին՝ հասկանալով, որ կողմերից ոչ մեկը ուժ չունի վերջնական հաղթանակի, իսկ թույլ, ոչ լեգիտիմ, նյարդայնացած թաթիկներով սողացող Նիկոլը միջժամանակային իդեալական առաջնորդ է։ Արեւմուտքից կերակրվող եւ բոլոր նյարդերով նրա հետ սերտաճած իշխանությունը իրեն հարմարավետ է զգում ռուսական կարճ վզաթոկով: Այս հարկադիր երկփեղկումը խորանում է նրանով, որ հետխորհրդային տարածքում Արեւմուտքը սովոր է աշխատել ընդդիմության հետ՝ մանեւրի ազատությունը գերադասելով պարտավորություններից, մինչդեռ Ռուսաստանը պատմականորեն խուսափում էր ընդդիմության հետ բացահայտ աշխատելուց՝ նախընտրելով աշխատել ցանկացած, նույնիսկ երբեմն իր հանդեպ թշնամաբար տրամադրված կառավարության հետ: Տորթի վրայի բալը պատմականորեն դեպի Ռուսաստան ձգտող ժողովրդի սպասումներն են, որն այնուամենայնիվ ընտրել է հակառուսական իշխանություն եւ այժմ վատ թաքցրած հույսով նայում է դեպի Հյուսիս:

Ոչ պրոֆեսիոնալիզմի, ստի, կեղծավորության եւ ուռճացված սպասումների հետ կապված հակասությունների այս ամբողջ հանգույցը սպասում է, որ իրեն կտրեն՝ քանդել այն այլեւս հնարավոր չէ: Եւ, բարեբախտաբար թե դժբախտաբար, այն կտրելու են համաշխարհային աշխարհաքաղաքական խաղացողները: Արեւմուտքն ու Ռուսաստանը դեռ չեն գտել տարածաշրջանային աշխարհաքաղաքական հավասարակշռության բանաձեւերը՝ ստիպելով Հայաստանին՝ այս քաղաքականության օբյեկտին, սպասել: Մի իրավիճակում, երբ Հայաստանը այլեւս չունի երկկողմ, ոչ միջնորդավորված հարաբերություններ աշխարհի որեւէ երկրի, նույնիսկ Արցախի հետ, մեզ մնում է միայն սպասել, թե ինչպես կորոշվի մեր ճակատագիրը:

Դե, ինչպես արդեն գրել եմ ամենասկզբում, սա աշխարհաքաղաքականության վերաբերյալ հոդվածների շարքի սկիզբն է:

Սպասեք»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page