top of page

Հայաստանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրաձայնել է Ադրբեջանի ագրեսիայի մասին

Nov 17, 2021
1 min read


Նոյեմբերի 16-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում «Խաղաղությունը և անվտանգությունը կանխարգելիչ դիվանագիտության միջոցով» թեմայով հանդիպմանը, հաղորդում է ԱԳՆ-ն։ «Իր ելույթում Մհեր Մարգարյանն Անվտանգության խորհրդի ուշադրությունն է հրավիրել վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ զինված հարձակումների վրա, ինչը ոտնահարում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթները։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները վտանգում են իրավիճակի լիցքաթափմանն ուղղված միջազգային հանրության ջանքերը և լրջորեն խաթարում են տարածաշրջանում խաղաղության հեռանկարները։ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է միջազգային դերակատարների կողմից հրատապ և արդյունավետ քայլերի անհրաժեշտությունը՝ հետագա սրացումը կանխարգելելու և Հայաստանի տարածքից Ադրբեջանի զինված ուժերի անվերապահ և ամբողջական դուրսբերումն ապահովելու նպատակով։ Մեքսիկայի նախագահությամբ ԱԽ նիստին զեկույցներով հանդես են եկել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբեայի, Տնտեսական և Սոցիալական խորհրդի ու Արդարադատության միջազգային դատարանի նախագահները»,- նշվում է ԱԳՆ հաղորդագրությունում։

 
 
 

Comments


bottom of page