Հայաստանը ձեռնարկելու է բոլոր անհրաժեշտ միջոցները․ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Ադրբեջանի կողմից հոկտեմբերի 17-ին համաձայնված հումանիտար զինադադարի խախտման հետ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հերթական անգամ կոպտորեն խախտել են նոր մարդասիրական զինադադարը և հոկտեմբերի 18-ին՝ ժամը 07:20-ին, հրետանային ակտիվ կրակից հետո բարենպաստ դիրքեր գրավելու նպատակով հարձակում են ձեռնարկել հարավային ուղղությամբ: Ադրբեջանը արդեն երկրորդ անգամ է խախտում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարի անձնական միջամտությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը կրակի դադարեցման վերաբերյալ՝ այդպիսով միջազգային հանրությանը ի ցույց դնելով իր ուխտադրուժ էությունը, որի հետ մենք գործ ունենք արդեն տասնամյակներ: Հայաստանը շարունակելու է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պարտադրելու Ադրբեջանին խաղաղություն և հաստատելու կրակի դադարեցման ռեժիմ՝ տեղում այդ ռեժիմի պահպանման և ստուգման հստակ և գործուն մեխանիզմների ներդրման հետ մեկտեղ»:




Comments