top of page

Համաժողովի շրջանակներում քննարկվեց Հայաստանում և Արցախում զբոսաշրջության ոլորտը

Oct 18, 2021
2 min read

համաժողովի շրջանակներում քննարկվեց Հայաստանում եւ Արցախում զբոսաշրջության ոլորտը 19:40, 18.10.2021 Տարածաշրջան:Հայաստան, Ռուսաստան Թեմա: Տնտեսություն, Հասարակություն


Ռուս-հայկական ութերորդ համաժողովի շրջանակներում, որն այս օրերին ընթանում է Երեւանում, տեղի ունեցավ «Պատմամշակութային զբոսաշրջության զարգացում» թեմայով «կլոր սեղան»: Ռուսաստանի տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվիչն իր ողջույնի խոսքում ընդգծեց ոլորտի կարեւորությունը՝ երկրների միջեւ մշակութային կապերի հաստատման եւ ամրապնդման համար: Նրա խոսքով՝ զբոսաշրջությունը պետք է նպաստի երկրների միջեւ փոխադարձ հետաքրքրությանը, ինչպես նաեւ երրորդ երկրներում Հայաստանի եւ Ռուսաստանի շահերին: «Պաշտոնապես 2019թ․ Ռուսաստանից Հայաստան է այցելել շուրջ 680 000 զբոսաշրջիկ: 2020թ․ համավարակի ժամանակ ռուսաստանցիները զբոսաշրջության նպատակով Հայաստան չէին այցելում: 2021թ․ 6 ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել մոտ 143 000 մարդ: Զբոսաշրջության որակը փոխվել է: Անհատական այցերն այժմ ավելի թրենդային են»,- նշեց նա: Ռուսաստանի Զբոսաշրջային արդյունաբերության միության փոխնախագահ Ալեքսանդր Օսաուլենկոն ընդգծեց, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները Հայաստանում համեստ են ներկայացված: «Հետխորհրդային տարածքում կան երկրներ, որտեղ նրանք ավելի շատ են»,- նկատեց նա՝ կասկած հայտնելով ժամանակակից պայմաններում զանգվածային զբոսաշրջության զարգացման անհրաժեշտության վերաբերյալ: Anex Tour տուրօպերատորի գլխավոր տնօրենի տեղակալ Յանա Մուրոմովան Հայաստանին խորհուրդ տվեց աշխատել արտերկրում երկրի ճանաչելիության բարձրացման ուղղությամբ, ինչը հատկապես արդյունավետ է հետկորոնավիրուսային շրջանում: «Ներկայիս շրջանը հնարավորություն է Հայաստանի համար, քանի որ շատ սահմաններ փակ են: Պետք է աշխատել երկրի ճանաչման ուղղությամբ, մասնավորապես, կազմակերպված զբոսաշրջության ոլորտում»,- ասաց նա: Արցախի մշակույթի, երիտասարդության եւ զբոսաշրջության նախկին նախարար Սերգեյ Շահվերդյանն իր հերթին անդրադարձավ Արցախում զբոսաշրջության ոլորտում տիրող իրավիճակին: «Մինչեւ 2020թ․ պատերազմը Արցախում օտարերկրյա զբոսաշրջիկների 60%-ը Ռուսաստանի քաղաքացիներ էին՝ նրանց մի մասը հայկական ծագմամբ ՌԴ քաղաքացիներ, մյուս մասը՝ այլ ազգությունների: Այս տարի Արցախում օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը 2020թ․ համեմատ գործնականում չի փոխվել: Չնայած, թվում է, անցյալ տարվա պատերազմից հետո զբոսաշրջության ներուժն անդառնալի վնասներ է կրել՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքում ավելի քան 2000 մշակութային հուշարձաններ, 60 000 թանգարանային ցուցանմուշներ եւ այլ արտեֆակտներ են մնացել: Մենք կորցրել ենք զբոսաշրջության ամենամեծ կենտրոնները, այդ թվում`Տիգրանակերտի ավերակները, Տողի մելիքների պալատը, Հադրութի շրջանում Գտչավանք վանական համալիրը եւ շատ այլ բաներ: Զբոսաշրջային այս ուղղությունների կորստից հետո առաջին պլան են դուրս եկել այն մշակութային հուշարձանները, որոնք նախկինում «ստվերում» էին մնում: Զբոսաշրջային վնասը որոշ չափով հնարավոր է փոխհատուցել: Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն առանց վիզայի մուտք գործել Արցախ»,- հայտնեց նա: Շահվերդյանը հատուկ նշեց, որ Արցախի Հանրապետություն ուղեւորությունը բացարձակապես անվտանգ է:

 
 
 

Comments


bottom of page