top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Համագործակցություն կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի (iBOL) հետ. ԿԳՄՍՆ


Կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի (iBOL) եւ ՀՀ գիտության կոմիտեի միջեւ 2019 թ. հուլիսին կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում 2020 թ. փետրվարին ստորագրվել է ֆինանսական պարտավորությունների մասին պայմանագիր, որով սահմանվել են հուշագրով ստանձնած պարտավորություններն ու հանձնառությունները։

Կյանքի շտրիխ կոդավորման միջազգային կոնսորցիումի նպատակն է նկարագրել մոլորակի բոլոր կենդանի տեսակներն ըստ մոլեկուլային մարկերների (շուրջ 10 մլն տեսակ), եւ այդ տվյալները ներառել ընդհանուր տեղեկադարանում։ iBOL-ի ծրագրերին մասնակցությունը հայ կենսաբաններին թույլ կտա իրականացնել հազարավոր տեսակների հետազոտություններ մոլեկուլային մակարդակում, ինչպես նաեւ ինտեգրվել համաշխարհային նշանակության գիտական աշխատանքներին։ Նախագծի գիտական հանձնաժողովում Հայաստանը միաժամանակ ներկայացնում են երկու մասնագետներ՝ ՀՀ ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ԵՊՀ գենետիկայի եւ բջջաբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Հարությունյանը եւ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը:

ՀՀ գիտության կոմիտեի եւ iBOL-ի միջեւ կնքված պայմանագրի շրջանակում Հայաստանի մասնագետներն արդեն մասնակցում են երկու միջազգային ծրագրերի: Դրանցից մեկը «Կովկասում կյանքի շտրիխ կոդավորում» ծրագիրն է (Caucasus Barcode of Life - CaBOL), որը ֆինանսավորում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կրթության եւ հետազոտությունների նախարարությունը: Ծրագրում ներգրավված են Գերմանիայի, Հայաստանի, Վրաստանի մի շարք գիտական եւ կրթական հաստատություններ: Ծրագրի նպատակն է ստեղծել կենսաբազմազանության կենտրոն, որտեղ կհավաքագրվեն Կովկասի հարուստ կենսաբազմազանության կենդանիների եւ բույսերի տեսակներ, եւ կստեղծվի տվյալների բազա: Ծրագրում Հայաստանից ներգրավված են Երեւանի պետական համալսարանը եւ ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը:

2020 թ.-ին կենտրոնի մասնագետները՝ լաբորատորիայի վարիչ Մարկ Քալաշյանը եւ Մարինե Դալլաքյանը, ինչպես նաեւ ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի մասնագետները, չնայած Հայաստանում համավարակով պայմանավորված ծանր իրավիճակին, իրականացրել են դաշտային աշխատանքներ, որոնց ընթացքում Հայաստանի մարզերում հավաքագրվել են մեծ քանակով նմուշներ: Հայաստանում հավաքված նմուշների լաբորատոր մշակումն իրականացվելու է հիմնականում ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի լաբորատորիայում՝ ամբիոնի վարիչ Մարինե Առաքելյանի եւ ամբիոնի աշխատակիցներ Աստղիկ Ղազարյանի ու Սարգիս Աղայանի ղեկավարությամբ: CaBOL-ի տվյալների բազան կարեւոր գործիք կդառնա Հայաստանի բնության հարուստ կենսաբազմազանության պահպանմանն ուղղված հանրային միջոցառումների իրագործման համար:

Պայմանագրի շրջանակում Հայաստանի գիտնականները մասնակցում են նաեւ Եվրոպական հետազոտական խորհրդի կողմից աջակցվող «Մոլորակի կյանքի գույքագրում» ծրագրին (LIFEPLAN – A Planetary Inventory of Life), որով նախատեսվում է ժամանակակից մեթոդներով համաշխարհային մասշտաբով իրագործել կենսաբազմազանության ուսումնասիրություն: Ծրագրի առաջատար կազմակերպություններն են Հելսինկիի համալսարանը եւ Շվեդիայի գյուղատնտեսական համալսարանը: Վերջիններիս գլխավորությամբ ավելի քան հարյուր երկրներում ստեղծվել են աշխատանքային խմբեր: Հայաստանում եւս ձեւավորվել է աշխատանքային խումբ (Մ. Քալաշյանի ղեկավարությամբ), որում ընդգրկված են Երեւանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի եւ ՀՀ ԳԱԱ Ա. Լ. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի մասնագետներ: Համագործակցող կողմերի միջեւ կնքվել է համաձայնագիր, եւ կազմակերպությունները ստացել են ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ժամանակակից որոշ սարքավորումներ:

Նախատեսվում է աշխատանքները սկսել 2021 թ. մարտից:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page