top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Հաղորդակցության մեջ հիշողությունն ու մոռացությունն առանցքային դեր ունեն․ Վազրիկ Բազիլ



Մենք չենք տեսնում այն, ինչը մեզ ամենամոտն է։ Մեզ ամենամոտը մոռացությունն ու հիշողությունն են։ Ձգտում ենք տեսնել այն, ինչը մեզանից հեռու է։ Մոռացությունը պատկանում է այն նյութերին, որոնք դժբախտաբար թե՛ հանրային կապերի կրթության, թե՛ հաղորդակցության մեջ լուսանցքային դեր են կատարում։ Հայկական PR դպրոցի (Armenian PR School) և ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի ուսանողների և շրջանավարտների համար կազմակերպված «Մոռացությունը հաղորդակցության մեջ» թեմայով դասախոսության ժամանակ նման միտք արտահայտեց գերմանացի հրապարակախոս, հաղորդակցության մասնագետ, դասախոս, PR խորհրդատու և ճառագիր, Հայկական Փի Ար ասոցիացիայի պատվավոր անդամ Վազրիկ Բազիլը։

Նա առաջարկում է PR-ը դնել խոշորացույցի տակ և համոզվել, որ մոռացությունը և հիշողությունը ոչ թե լուսանցքային, այլ առանցքային դեր ունեն։ Ասաց՝ հիշողությունն ու մոռացությունը անքակտելիորեն կապված են միմյանց։

Մասնագետն անդրադարձավ մոռացության երկու ըմբռնումներին․ առաջինը ծանոթ է բոլորիս․ խոսքն առօրյայի մոռացկոտության մասին է։

«Ամեն մարդ ուզում է լավ հիշողություն ունենալ, որպեսզի չասեն՝ մոռացկոտ է։ Առօրյայի մոռացկոտությունը մեկ հատկանիշ ունի․ մենք մոռանում ենք մոռանալ, մինչդեռ հիշելու ժամանակն է։ Հիշելը գիտակցական արարք է, այսինքն՝ մենք միշտ գիտակցում ենք, որ մի բան հիշեցինք, մոռանալու պարագայում չգիտենք՝ ինչ ու երբ ենք մոռանում։ Միայն երբ ձախողի հիշելու փորձը, կնկատենք, որ մի բան մոռացել ենք, բայց ե՞րբ․ դա երբեք չենք կարող ասել։ Այսինքն՝ մոռանալը գիտակցական գործողություն չէ․ մենք բոլորս ունենք բազմաթիվ առարկաներ, որոնց մասին մոռացել ենք և չգիտենք, թե երբ։ Եթե որևէ մեկը ձեզ այդ մասին հարցնի, և դուք չհիշեք, միայն այդ ժամանակ կզգաք, որ մոռացել եք։ Մենք ուզում ենք անընդհատ խուսափել մոռացությունից»,- նկատեց Բազիլը։

Մոռացության 2-րդ իմաստը վերաբերում է հաղորդակցությանը․ ոչ թե մոռանում ենք, թե երբ ենք մոռացել, այլ երբ մի բան կորցնում է իր կշիռն ու նշանակությունը։ Վազրիկ Բազիլն ասվածը շատ պատկերավոր բացատրեց․

«Երբ դուք սիրահարվում եք, հետո հիասթափվում և բաժանվում, հեռանալուց հետո հիշողությունն անձի, ձեր՝ միասին անցկացրած ժամանակի նկատմամբ երբեմն այնքան ծանրակշիռ է, որ առօրյայի հունը խաթարվում է։ Դուք անընդհատ մտածում եք այդ անձի մասին, մինչև որ մեկը կասի՝ մոռացի՛ր նրան։ Այս մոռացությունն առաջինի իմաստը չունի։ Մեր կայնքում ուզում ենք մոռանալ, դառը, ցավալի հարցերը, իսկ ուրախ պահերը՝ հիշել։ Մենք պարտք ունենք մոռանալու և հիշելու։ Մոռանալու պարտքը հասունանում է ներողության ժամանակ, ներել՝ 2-րդ իմաստով նշանակում է մոռանալ։ Հանրային կապերի մեջ մենք ուզում ենք ոչ թե մոռանալ, այլ մոռացնել»։

Հաղորդակցության մասնագետը նշեց, որ Գերմանիայում հանրային կապերը սահմանվում է հետևյալ կերպ․ արա՛ մի լավ գործ և ապա՝ խոսի՛ր դրա մասին։

«Խոսել՝ նշանակում է հիշեցնել, օրինակ, հիշեցնել, որ դու լավ արտադրանք ունես։ Հիմնարկները, ձեռնարկությունները ուզում են, որ հասցեակիրները իրենց լավ ու դրական հիշեն։ Հանրային կապերի համար կարևոր է լավ հիշողություն՝ կերպար, մակնիշ։ Հաղորդակցության մեջ դրականն է հիշվում և ամենացայտուն միջոցառումը գովազդն է։ Հիմա ունենք այժմեականացման արշավ՝ երբ հին արտադրանքի մասին անընդհատ հիշեցվում է»,- ընդգծեց Վազրիկ Բազիլը։

Հաղորդակցության մեջ հիշողության դերը մեծ նշանակություն ունի և, մասնագետի կարծիքով, այն ձեռնարկությունները, կառավարությունները, որոնք աշխատակիցներին հաճախ են փոխում՝ սխալ են վարվում, որովհետև փորձառությունն ու իմացությունը կորչում են։ Ձեռնարկությունները հաղորդակցության մեջ 3 միջոց են կիրառում՝ կուտակում, փոխարինում և վերացում։

«Կուտակել նշանակում է տեղեկություններ հաղորդել այն հույսով, որ դրանք այնքան թարմ կլինեն, որ մոռացնել կտան հինն ու բացասականը։ Տագնապի պարագայում րոպե առաջ ներողություն խնդրի՛ր, բացատրություն տու՛ր, լուսաբանի՛ր, վնասը փոխհատուցի՛ր, հետո նոր լուրեր արտադրելով՝ այդ տագնապը մոռացության տու՛ր ։ Փոխարինումը վերաբերում է մշակույթներին, երբ մեկ բանը փոխարինվում է մեկ ուրիշով։ Վերացումը պարզապես ջնջելն է։ Մարդիկ մեռնում են ոչ միայն ֆիզիկապես, այլև այն ժամանակ, երբ որևէ մեկն իրենց այլևս չի հիշում»,- ասաց PR մասնագետը։

Այսպիսով, հիշողությունն ու մոռացությունը հաղորդակցության մեջ առանցքային դեր ունեն և մոռացնել տալը նույնքան կարևոր է, որքան հիշողությունը։ Հանդիպման վերջում Վազրիկ Բազիլը պատասխանեց ուսանողների հարցերին։


Արփի Հակոբյան

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page