Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառմամբ օժանդակություն կստանան ուսանողները

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման տասնչորսերորդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել ՀՀ բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին, որոնք հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ: Միջոցառման շահառու են հանդիսանում, մասնավորապես, ցանկում ընդգրկված՝ բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսի ուսանողները, որոնց հանրագումարային միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 և ավելի տոկոս, բուհերի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի բոլոր կուրսերի (բացառությամբ՝ ավարտական) ուսանողները, որոնց հանրագումարային ՄՈԳ-ը ուսումնառության սկզբից մինչև 2019-2020 թթ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի ավարտը կազմում է ՄՈԳ-ի առավելագույն արժեքի 90 և ավելի տոկոս: Շահառու են հանդիսանում նաև պետական և պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի առկա և հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողները: Վարչապետ Փաշինյանը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանից հետաքրքրվել է ուսանողական վարկերի տրամադրման կարգերի հեշտացման գործընթացով: Արթուր Ջավադյանը նշել է, որ այս պահին առկա է արդեն գործող 11 150 վարկ և պայմանները բոլորի համար հեշտացվում են: «80-ից ավելի ՄՈԳ ունեցողները 0 տոկոսով են վարկավորվելու, և գործող վարկերն էլ դառնում են 0 տոկոս: 80-ից ցածր ՄՈԳ ունեցողների համար վարկի վճարը դառնում է տարեկան 4 տոկոս», -ասել է ԿԲ նախագահը՝ հավելելով, որ նոտարի կողմից հաստատված երաշխավորություններ ծնողների կողմից այլևս պետք չեն: «Այսպիսով կարող ենք արձանագրել՝ մեր քաղաքական այն հանձնառությունը, որ բարձր առաջադիմություն ունեցող ոչ մի ուսանող ուսման վարձ չվճարելու պատճառով չի հեռացվելու բուհից, 100 տոկոսով կատարվում է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունը փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ կրթաթոշակը բարձրացնելու նպատակով: Այն կնպաստի հետբուհական կրթական ծրագրում ընդգրկվածությանը, երիտասարդ մասնագետների հետազոտական, գիտական գործունեության ապահովմանը: Որոշմամբ սահմանված է պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտների և դոկտորանտների կրթաթոշակի չափերը` հայագիտական ուղղվածությամբ մասնագիտություններով` 30000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտություններով` 25000 դրամ, տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտություններով` 20000 դրամ, ինչպես նաև դոկտորանտներինը` 30000 դրամ: Առաջարկվող փոփոխությունների արդյունքում հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը կավելանա 35000 դրամով՝ կազմելով համապատասխանաբար հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար՝ 65000 դրամ, բնագիտական և այլ մասնագիտությունների` 60000 դրամ,տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների` 55000 դրամ, ինչպես նաև դոկտորանտներին` 65000 դրամ: Որոշումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:




Comments