Կորոնավիրուսի ախտորոշման առաջին օրվանից եղել եմ դիմակով և որևէ մեկին չեմ վարակել. Փաշինյան

Կորոնավիրուսով վարակված և ապաքինված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հիվանդացության ընթացքում հանրային շփումների ժամանակ որևէ մեկին չի վարակել: Այս մասին Փաշինյանը հայտնեց հունիսի 16-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում:
«Հունիսի 14-ին լրացավ իմ դրական ախտորոշման 14-րդ օրը: Կարող եմ արձանագրել, որ այս ընթացքում որևէ մեկին չեմ վարակել հանրային շփումներում, որովհետև իմ հիվանդության հենց առաջին օրից եղել եմ դիմակով: Բոլորի հետ կապ եմ հաստատել և համոզվել, որ որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ դիմակի կրումը երաշխավորում է վարակված լինելով ուրիշին չվարակելը:
Հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ինքն ու իր ընտանիքի անդամները վարակվել են կորոնավիրուսով, 7 օր անց՝ հունիսի 8-ին Փաշինյանը տեղեկացրեց, որ իրենք ողջ ընտանիքով ապաքինվել են կորոնավիրուսից:




Comments