Կնոջ իրավունքները հարգելը քաղաքակրթական ընտրություն է. ստեղծագործող տղամարդիկ շնորհավորում են կանանց

Կանանց միջազգային օրը՝ մարտի 8-ը, ևս մեկ առիթ է գեղեցիկ սեռի հանդեպ հարգանքը, նվիրվածությունը, սերն արտահայտելու, նրանց դերը տարբեր ասպարեզներում կարևորելու գործում: Տոնի կապակցությամբ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է ստեղծագործող տղամարդկանց հետ, որոնց կարծիքով` կինը մեծ դերակատարություն ունի ուժեղ սեռի յուրաքանչյուր ներկայացուցչի կյանքում:
Նկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Փարավոն Միրզոյանի համոզմամբ՝ կանանց մեծարելու համար միայն մարտի 8-ը քիչ է: «Ինձ համար ամբողջ տարին նվիրված է կանանց: Մարդը պետք է ապրի կանանցով: Եթե տղամարդը չի կարողանում կյանքում հարգել կնոջը, սիրել, փայփայել, ներկայացնել, ուրեմն, մի բան այն չէ»,-շեշտեց նա:
Միրզոյանի խոսքով՝ կնոջ համար լավագույն նվերը համբույրն է:
Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ հիշեց Թումանյանին, որը 1915 թվականին գրած մի հոդվածում նշել է, որ կնոջը պաշտելը և կնոջ իրավունքները հարգելը քաղաքակրթական ընտրություն է: «Մի քիչ պարզունակ է հնչում, բայց անձամբ ես չեմ պատկերացնում կյանքն առանց կանանց: Շատ եմ սիրում կանանց: Այն, ինչ արել եմ, արել եմ նրանց դուր գալու համար, ոչ թե ունեցել եմ ներքին պահանջ կամ կարևոր հասարակական, ազգային, պետական և այլ հարց եմ լուծել: Հիմնական նպատակս եղել է կանանց դուր գալը: Չեմ ասի, որ այդ ցանկությունը տարիների ընթացքում նվազել է. այն գնալով ավելացել է: Կա մի շատ կարևոր բան կնոջ և տղամարդու հարաբերություններում: Դա միմյանց պաշտելն ու պաշտպանելն է: Երբ տղամարդը պաշտպանում է կնոջ շահերը և հակառակը, այդ ժամանակ լիակատար ներդաշնակություն է տիրում»,-ընդգծեց Բաբայանը:
Բաբայանը համոզված է, որ կնոջը կարելի է նվիրել ամեն բան, կարևորը, որ դրանում սեր լինի: «Մենք շատ լավ գիտենք, թե ինչպես կինը կարող է ուրախանալ մի փոքր նվերից, որում կա սեր և մերժել թանկարժեք նվերը, որում բացակայում է սերը»,-ասաց նա:
Անդրադառնալով թատրոնում կնոջ դերին՝ Ռուբեն Բաբայանը շեշտեց, որ թատրոնը չէր լինի, եթե չլինեին կանայք, քանի որ կինը շատ ճիշտ է զգում թատրոնը, կինն առհասարակ ճիշտ է զգում արվեստը: Կինը զգում է թատերական գործը բոլոր զգայարաններով, իսկ հետո վերլուծում: «Ըստ իս՝ եթե կանայք անտարբեր լինեին թատրոնի հանդեպ, այն ուղղակի գոյություն չէր ունենա, և նույնիսկ այն տղամարդիկ, որոնք գալիս են թատրոն ներկայացում դիտելու, գալիս են կանանց պահանջով: Մի խոսքով՝ իմ բախտը բերել է, որ և՛անձնական, և՛ ստեղծագործական կյանքում կանանց ձեռքերում եմ»,- եզրափակեց Բաբայանը՝ շնորհավորելով բոլոր կանանց:
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանն էլ ընդգծեց, որ կանայք յուրաքաանչյուր տղամարդու կյանքում մեծ դերակատարություն ունեն: «Մենք լույս աշխարհ ենք գալիս՝ տեսնելով կնոջը, այսինքն՝ մորը, հետո՝ մեր կնոջը, այնուհետև՝ երեխաներին: Իմ կյանքում կանայք մեծ նշանակություն են ունեցել թե՛ մասնագիտական, թե՛ անձնական հաջողությունների հասնելու գործում: Շատ սիրում եմ կանանց: Չեմ սիրում «կանացի երջանկություն» արտահայտությունը, այդ իսկ պատճառով կանանց մաղթում եմ երջանկություն»,- նշեց Ծատուրյանը՝ կնոջ համար լավագույն նվերը համարելով սերը:




Comments