top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Կկառուցվի 20 մոդուլային մանկապարտեզ. Ժաննա Անդրեասյան


Կրթության ոլորտը 2021 թվականին հագեցած էր բովանդակային բարեփոխումների և ենթակառուցվածքների բարելավման ընդգրկուն աշխատանքներով:


ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է նախադպրոցական, հանրակրթության, նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթության ոլորտներում կատարվածի արդյունքները: Ստորև կներկայացվի նախադպրոցական կրթության հակիրճ ամփոփումը:


Հասանելիության բարձրացում


Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ կառավարության ծրագրով ամրագրված նախադպրոցական կրթության համակարգում երեխաների առնվազն 85 տոկոս ընդգրկվածության, ինչպես նաև բոլոր բնակավայրերում հասանելիության ապահովման նպատակով մի քանի ծրագիր է նախաձեռնվել: 2021-ին առաջին անգամ գործարկվել է մոդուլային մանկապարտեզների ծրագիրը. Կառավարությունը հաստատել է 20 բնակավայրերի ցանկը, որտեղ կառուցվելու են մոդուլային մանկապարտեզներ: Բացի այդ՝ պետական բյուջեի միջոցներով հաստատվել և առաջին անգամ 10 բնակավայրերում ներդրվել է նախադպրոցական այլընտրանքային ծառայությունների ծրագիրը: «Այս ծրագիրը նախատեսված է այն բնակավայրերի համար, որտեղ երեխաների թիվը մեծ չէ, և առանձին մանկապարտեզ պահելը ծախսարդյունավետ չէ: Պետությունը այս դեպքում նախադպրոցական ծառայությունների ստեղծման համար բնակավայրերին տրամադրել է դրամաշնորհներ՝ յուրաքանչյուրին՝ շուրջ 7,8 մլն ՀՀ դրամ՝ շինությունների վերանորոգման, կահավորման և անհրաժեշտ այլ աշխատանքների իրականացման համար»,- նշել է փոխնախարարը։


Ֆինանսավորման նոր կարգ


Նախադպրոցական հաստատություններում պետական բյուջեից մեկ սանի ֆինանսավորման կարգի հաստատումը հնարավորություն է ստեղծում պետական ֆինանսավորում հատկացնելու կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, ինչպես նաև սոցիալապես անապահով և զինծառայողների ընտանիքների երեխաների նախադպրոցական կրթությանը: Ըստ այդմ` արդեն 2022-ի սեպտեմբերից ֆինանսավորում կհատկացվի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ավելի քան 1600 երեխաների համար։


Առաջին անգամ հաստատվել է նախադպրոցական կրթության չափորոշիչը, որի հիման վրա մշակվել և հաստատվել են կրթական ծրագրերը, որոնք կփորձարկվեն Երևանի և մարզերի 60 հաստատություններում։ Մշակվել են նաև մի շարք կարգեր՝ նախադպրոցական հաստատության մանկավարժի ընտրության նոր՝ մրցութային կարգը, տնօրենների վերապատրաստման և հավաստագրման կարգը, որի համաձայն՝ արդեն եկող տարվանից նախադպրոցական հաստատությունների տնօրենները կհավաստագրվեն։ 2022-ից վերապատրաստումը կդառնա պարբերական, և հետագայում կներդրվի նաև ատեստավորման համակարգ՝ աշխատավարձի բարձրացման հնարավորությամբ: Սահմանվել է նախադպրոցական հաստատություններում սաների ընդունելության կարգը, որով միասնականացվել է ոլորտի քաղաքականությունը։


Նախադպրոցական կրթության ներառականություն


Ըստ փոխնախարարի` 2020 թվականի մայիսին ընդունված նախադպրոցական կրթության նոր օրենքով սահմանվել է, որ մինչև 2023 թվականի ավարտը նախադպրոցական ոլորտը պետք է անցում կատարի համընդհանուր ներառման։ Այս նպատակով «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն»-ի կողմից մշակվել են «Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող նախադպրոցականների գնահատում» և «Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող նախադպրոցականներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրում» թեմաներով վերապատրաստման մոդուլներ: Փոխվել է ՏՄԱԿ-ների ֆինանսավորման կարգը, ըստ որի՝ գալիք տարվանից անհրաժեշտ աջակցություն կստանան նաև նախադպրոցական հաստատությունները։


2021 թվականին վերապատրաստվել են տարածքային 20 մանկավարժահոգեբանական կենտրոնի 485 մասնագետ և Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական 8 հաստատության 30 մանկավարժներ:


Նախադպրոցական ծառայությունները կլիցենզավորվեն


‹‹Նախադպրոցական կրթության մասին›› նոր օրենքով սահմանվել է, որ լիցենզավորման ենթակա են նաև նախադպրոցական ծառայությունները, ինչը թույլ կտա կարգավորել ոլորտում գործող և այս պահին որևէ կառույցի կողմից չվերահսկվող, նախադպրոցական տարիքի երեխաներին ուղղված տարբեր ծառայությունները։ Այս տրամաբանությամբ՝ համապատասխան փոփոխության է ենթարկվել ‹‹Լիցենզավորման մասին›› օրենքը։ Ներկայում ընթացքի մեջ է ենթաօրենսդրական ակտերի մշակումը։ Օրենսդրական այս փոփոխությամբ պայմանավորված` զուգահեռ ընթանում է նախադպրոցական հաստատությունների լիցենզավորումը։ Միայն այս տարի ավելի քան 90 նախադպրոցական հաստատություն է լիցենզավորվել, ինչը ավելի վերահսկելի և թափանցիկ է դարձնում ոլորտը։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page