top of page

Կենսաբանության միջազգային օլիմպիադան կանցկացվի Հայաստանում․ ԿԳՄՍՆ

Oct 15, 2021
1 min read

Նախատեսվում է 2022 թ. կայանալիք Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան անցկացնել Հայաստանում: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ այդ առիթով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի անդամներին՝ քննարկելու օլիմպիադայի նախապատրաստական և ընթացիկ հարցերը: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Կենսաբանության միջազգային օլիմպիադայի կազմկոմիտեի անդամները տարբեր երկրների ներկայացուցիչներ են, այդ թվում՝ Հայաստանից, Չեխիայից, Նիդեռլանդներից, Հունգարիայից, Բելգիայից, Ռուսաստանից, Ուկրաինայից: Նախարար Վահրամ Դումանյանը ողջունել է ներկաներին և ընդգծել. «Սա առաջին միջազգային օլիմպիադան է, որ անցկացվելու է Հայաստանում, և բոլոր առումներով շատ կարևոր է մեզ համար: Հույս ունեմ՝ լավ մեկնարկ կլինի հաջորդիվ այլ օլիմպիադաներ ևս Հայաստանում անցկացնելու համար»: Հանդիպմանը քննարկվել են օլիմպիադայի կազմակերպչական, անցկացման, բովանդակային հարցեր: Կազմկոմիտեի անդամները տեղեկացրել են, որ ընթացիկ հարցերի վերաբերյալ որևէ խնդիր չի առաջացել, ամեն ինչ ընթանում է բնականոն հունով, և վստահ են՝ օլիմպիադան կկայանա բարձր մակարդակով: Հանդիպման ավարտին հյուրերը հայտնել են, որ այս օրերին հասցրել են սիրել Հայաստանը՝ որպես պատմամշակութային օջախ:

 
 
 

Comments


bottom of page