ԿԳՄՍ նախարարն ընդունել է շախմատի չեմպիոն Էլինա Դանիելյանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր գերատեսչությունում հանդիպել են շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության նորընծա չեմպիոն Էլինա Դանիելյանի, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանի և ՀՇՖ գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանի հետ: ԿԳՄՍ նախարարը շնորհավորել և շնորհակալություն է հայտնել Էլինա Դանիելյանին պատմական հաղթանակի և հայ ժողովրդին հպարտություն պարգևելու համար Էլինա Դանիելյանի խոսքով՝ հաղթական ճանապարհին մշտապես զգացել է հայրենակիցների աջակցությունը: Եվրոպայի չեմպիոնը հույս է հայտնել, որ իր հաղթանակն ազդակ կլինի այլ հաջողությունների համար. «Երկրպագուներն իրենց աջակցությամբ, ամենօրյա նամակներով ինձ մեծ ուժ են տվել: Ինձ բոլորն են օգնել, այդ թվում՝ Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Զավեն Անդրիասյանը: Շնորհակալ եմ բոլորին իրենց ներդրման համար: Դժվար օրեր ենք ապրում, և կարծում եմ՝ մեզ պետք էր նման ուրախություն: Հույս ունեմ, որ այս հաղթանակը կնպաստի ավելի մեծ հաղթանակների կերտմանը»:




Comments