Կարեւորվել է հայ-չեխական միջխորհրդարանական կապերի զարգացումը. հանդիպում հանձնաժողովում

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի
տեղակալ Աննա Կարապետյանն ու հանձնաժողովի անդամներն ապրիլի 29-ին
հանդիպել են Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի
սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի
գլխավորած պատվիրակության հետ:
Ողջունելով չեխ խորհրդարանականներին Ազգային ժողովում՝ Աննա Կարապետյանը
կարեւորել է երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացումը:
Պատգամավորը նշել է, որ վերջին տարիներին երկուստեք գործակցության արդյունքում
հայ-չեխական կապերը հասել են բարձր մակարդակի:
Հանձնաժողովի փոխնախագահն ընդգծել է Մարեկ Բենդայի դերը Չեխիայի
խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի
ընդունման գործում:
Կարեւոր է համարվել նաեւ բարեկամական խմբերի փոխայցերը, որոնք նպաստում են
միջխորհրդարանական կապերի զարգացմանը, փորձի փոխանակմանը: Աննա
Կարապետյանն անդրադարձել է հանձնաժողովի օրենսդրական գործունեությանը:
Մարեկ Բենդան հետաքրքրվել է թավշյա հեղափոխությունից հետո ընտրական
համակարգում, ինչպես նաեւ տնտեսական, քաղաքական, իրավական ոլորտներում
իրականացվող բարեփոխումների ընթացքով, ձեռնարկվող քայլերով:
Հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսվում է
Ընտրական օրենսգրքի բարեփոխում՝ բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ,
ինչի մասին հայտարարությամբ հանդես է եկել խորհրդարանի ղեկավար Արարատ
Միրզոյանը:
Հանձնաժողովի անդամներն անդրադարձել են խոսքի ազատությանը, կարեւորել մեզ
մոտ եվրոպական իրավաքաղաքական մշակույթի ներդնումը, ժողովրդավարական
կառույցների կատարելագործումը:




Comments