Կառավարությունն ավելի քան 136 մլրդ դրամ է հատկացրել Ղարաբաղին աջակցելու համար. Մհեր Գրիգորյան

Ղարաբաղի կառավարությանն ու քաղաքացիներին աջակցելու, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնականոն կյանքի ապահովման նպատակով ՀՀ կառավարությունը 2020 թվականի նոյեմբերից սկսած եւ 2021 թվականի ընթացքում իրականացրել է ավելի քան 20 միջոցառում՝ ավելի քան 136 մլրդ դրամ ընդհանուր բյուջեով, որից 120 մլրդ դրամը տրամադրվել է 2021թ.: Այս մասին ապրիլի 13-ին Ազգային ժողովի նիստին, ներկայացնելով կառավարության 2021 թվականի ծրագրի կատարման մասին հաշվետվությունը, հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա նշեց, որ պետությունն արդեն 2020 թվականի վերջին անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում է երաշխավորել Ղարաբաղում ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետեւանքով տուժածներին։ «Ամբողջ 2021 թվականի ընթացքում եւ առ այսօր Երեւան-Ստեփանակերտ երթուղով անվճար ուղեւորափոխադրումներ են ապահովվում։ Միայն 2021 թվականին այդ նպատակների համար հատկացվել է 175 մլն դրամ։ Այս ընթացքում իրականացվել է շուրջ 590 փոխադրում, որոնցից օգտվել է ավելի քան 25000 մարդ»,- ասաց փոխվարչապետը։




Comments