Կառավարությունը բիզնեսին աջակցություն ցուցաբերելու խոշոր փաթեթներ կգործարկի

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը, արդրադառնալով կորոնավիրուսի խնդրին, նշել է. «Այս դժվար պահին մենք պետք է գրագետ քայլերով գնանք առաջ, և այս ճգնաժամի արդյունքում պետք է Հայաստանի Հանրապետությունը, հայ ժողովուրդը և հանրությունը, Արցախն ավելի ուժեղացած դուրս գան: Երեկ կառավարությունում քննարկել ենք Հակաճգնաժամային տնտեսական մարտավարությունը և ռազմավարությունը: Մեր որոշումը միանշանակ է՝ կրկին և կրկին: Մենք մեր առաջ խնդիր չենք դրել և չենք դնելու վերականգնել նախաճգնաժամային տնտեսական վիճակը, ինչքան էլ նախաճգնաժամային տնտեսական վիճակը լավն էր Հայաստանի Հանրապետությունում: Մենք մեր առաջ խնդիր ենք դրել շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվել ետճգնաժամային վիճակի նկատմամբ դիրքավորվելիս: Եվ այստեղից բխում է մեր գործողությունների տրամաբանությունը՝ մենք պետք է այս ընթացքում իրագործենք զարգացման ծրագրեր: Այս ընթացքում գուցե ավելի կենտրոնանանք բարեփոխումների այն օրակարգի վրա, որ որդեգրել ենք և, իհարկե, պետք է լրջագույն աջակցություն ցուցաբերենք տնտեսությանը: Եվ այդ աջակցությունը պետք է ունենա զարգացման տրամաբանություն: Իհարկե, հասկանալի է, որ ճգնաժամը որոշակի սոցիալական մարտահրավերներ նույնպես ի հայտ բերելու է, և մենք պիտի առերեսվենք և համարժեք քայլեր ձեռնարկենք նաև այդ սոցիալական մարտահրավերների կապակցությամբ: Բայց շատ կարևոր է, որ այդ սոցիալական ծրագրերը, որ մենք իրականացնենք՝ լինեն արդյունավետ, հասցեական, արդար, որովհետև պետք է նաև հիշենք մեր պատմության ճգնաժամային սոցիալական ծրագրերն ու դրանց հետևանքները, երբ շատ հաճախ սոցիալական ծրագրերը կամ սոցիալական օգնությունները կենտրոնանում էին մի քանի տեղերում և սոցիալական աջակցության ֆոնի տակ ստվերային հարստացման պրոցեսներ էին տեղի ունենում: Մենք այսպիսի երևույթները պետք է բացառենք»: Վարչապետն այնուհետև անդրադարձել է միջոցառումների ծրագրին, որով մոտավորապես 25 մլրդ դրամ հրատապ բիզնեսին աջակցություն ցուցաբերելու փաթեթ կգործարկվի: «Եվս 25 մլրդ դրամի սոցիալական աջակցության փաթեթ կունենանք պատրաստ, որը կօգտագործվի ըստ անհրաժեշտության: Եվ երրորդը՝ կունենանք մոտավորապես 80 մլրդ դրամի հիմնադրամ, որը նպատակադրված կլինի տնտեսության վերաձևավորմանը և կարգաբերմանը հետճգնաժամային ժամանակների պարամետրերին համապատասխան»,-ասել է կառավարության ղեկավարը: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել ծրագրի առաջին փաթեթից, որն այսօրվանից դրվելու է հանրային քննարկման: Ծրագրի նպատակն է օժանդակել աշխարհում կորոնավիրուսի տարածման, ինչպես նաև կապիտալի և հումքի գլոբալ միջազգային շուկաների անկայունության հետևանքով ՀՀ տարածքում առանձին տնտեսավարողների մոտ առաջացած ընթացիկ լիկվիդայնության հետ կապված հնարավոր խնդիրների լուծմանը: «Ձևավորել ենք պոտենցիալ վարկային պրոդուկտների մի շարք, մասնավորապես 3 հիմնական, որը ենթադրում է՝ վարկերի համաֆինանսավորում, վարկերի վերաֆինանսավորում և տոկոսների սուբսիդավորում: Հաշվի առնելով պոտենցիալ վարկառուների խնդիրներն այս իրավիճակում՝ դա լինելու է կամ ապահովման միջոցի անբավարարություն, կամ արժութային ռիսկ, կամ տոկոսադրույքի գծով ծախսեր: Երեք խնդիրն էլ մեր կարծիքով մենք լուծել ենք՝ օժանդակության երեք ձևերով»,- ասել է Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ կունենանք այնպիսի վարկատեսակ, որը հնարավորություն կտա ուղղակի բիզնեսին on hold մնալ որոշակի ժամանակ: Փոխվարչապետի խոսքով՝ դա հնարավորություն կտա բիզնեսին հոգալ բոլոր ծախսերը, չունենալ տոկոսային բեռ, չունենալ արժութային ռիսկ, բայց պահպանել թե՛ աշխատակիցներին, թե՛ ընթացիկ կոմունալ խնդիրները լուծել և այլն: «Այս փուլի համար որպես առաջին փաթեթ, սա գործիքների այն կազմն է, որը հնարավորություն է տալիս բարեխիղճ տնտեսվարողներին այս վիճակում նայել, հետևել և մտածել բիզնեսի զարգացման մասին, ոչ թե ցայտնոտի մեջ մտածել բիզնեսի օպտիմիզացման մասին»,- նշել է Մհեր Գրիգորյանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ըստ այդմ՝ բիզնեսին առաջարկվում են ճգնաժամային, վարկային պորտֆելներ: «Դրա էությունը հետևյալն է՝ 50 տոկոսը ֆինանսավորման իրականացնում են առևտրային բանկերը և վարկային կազմակերպությունները, մինչև 50 տոկոսը ֆինանսավորում է կառավարությունը: Կառավարության տված ֆինանսավորումն անտոկոս է, իսկ բանկերի և վարկային կազմակերպությունների տոկոսները նույնպես սուբսիդավորում է կառավարությունը, այսինքն՝ տնտեսավորողը 0 տոկոսով ստանում է վարկային միջոցներ, ֆինանսավորում է ստանում: Այս միջոցները կարող են օգտագործվել հետևյալ նպատակներով՝տնտեսվարողներին, աշխատակիցներին աշխատավարձ կամ դրան հավասարեցված վճարումներ և դրանց գծով հարկերի վճարում: Մենք այստեղ առաջարկում ենք յուրաքանչյուր աշխատակցի դեպքում ոչ ավելի, քան ամսական 500 հազար դրամ գումարի չափով, և ոչ ավելի, քան 3 ամսվա համար: Այսինքն՝ ընկերություններին, եթե ունեն դժվարություններ աշխատողներին աշխատավարձ վճարելու, ասում ենք՝ փողը կտանք բանկերի հետ համատեղ, դուք վճարեք առանց տոկոսի, այսինքն՝ որևէ տոկոս չի առաջանում, պետությունը վճարում է տոկոսը»,- ասել է վարչապետը: Երկրորդ ուղղությունը՝ հումքի գնում կամ ներմուծում այն դեպքում, եթե հումքի ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում պատրաստ արտադրանք ստանալու նպատակով ու վարկառու տնտեսավարողը տնօրինում է անհրաժեշտ արտադրական հզորություններ: «Այսինքն՝ արտադրությունը կազմակերպելու համար: Սարքերի և սարքավորումների, այդ թվում գյուղատնտեսական նշանակության ներմուծում այն դեպքում, եթե տվյալ սարքերը և սարքավորումները պետք է օգտագործվեն Հայաստանում արտադրություն կազմակերպելու կամ արտադրությանը ընդլայնելու նպատակով»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: Հաջորդը՝ էլեկտրաէներգիայի, ջրի և գազի գծով ծախսերի իրականացումն է, բայց յուրաքանչյուր ծառայության դեպքում ոչ ավելի, քան ամսական 5 միլիոն դրամ գումարի չափով և ոչ ավելի, քան 3 ամսվա համար: «Առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի ներմուծում, այն դեպքում երբ գնված և ներմուծված ապրանքը պետք է իրացվի Հայաստանի Հանրապետությունում: Պարարտանյութ, սերմ, տնկի և գյուղատնտեսական նշանակության այլ հումքի գնում և ներմուծում այն դեպքում, եթե ներմուծվող ողջ ծավալը պետք է օգտագործվի Հայաստանում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Օժանդակության գործիքների ներքո տրամադրվելիք վարկերի նկատմամբ հիմնական պահանջներն են՝ վարկը պետք է լինի ՀՀ դրամով, համաֆինանսավորման գործիքի դեպքում ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվելիք մասը կարող է լինել արտարժույթով, բայց Հայաստանում, կառավարության կողմից տրվող մասը լինելու է դրամով: Ժամկետը մինչև 24 ամիս: Վարկի առավելագույն գումարը 500 միլիոն դրամին համարժեք է, սակայն համաֆինանսավորման կամ վերաֆինանսավորման առավելագույն չափը չի կարող գերազանցել 250 միլիոն դրամը: Վարկային միջոցների օգտագործման կարգը միայն անկանխիկ և բանկային փոխանցումներով է, առավելագույն ինտեգրալ տոկոսը 0-ից մինչև 6 տոկոս տարեկան՝ կախված կիրառվող օժանդակության գործիքի համար սույն ծրագրով սահմանված կանոնից: «Այստեղ նաև համաֆինանսավորման չափերի հետ կապված խնդիր կա, առաջարկվում է աշխատավարձի պարագայում համաֆինասավորում՝ մինչ 50 տոկոս, հումքի պարագայում՝ 40 տոկոս, սարքավորումների պարագայում՝ 25 տոկոս, կոմունալ ծախսերի դեպքում՝ 45 տոկոս, սննդի ներմուծման պարագայում՝ 30 տոկոս, գյուղատնտեսության պարագայում՝ 35 տոկոս»,-ասել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, ներկայացված փաթեթը երկու օր հանրային քննարկում կանցնի, որի արդյունքներով՝ կլրամշակվի: Անդրադառնալով հարկային արձակուրդի գաղափարին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարկային արձակուրդի գաղափարը վատ գաղափար ենք համարում, որովհետև մի կողմից ասվում է, որ կառավարությունն այս ծախսը պետք է անի, այն ծախսը պետք է անի, նույն նախադասությունից հետո ասում են՝ կառավարությունը բոլորին հարկային արձակուրդ պետք է տա: Եթե կառավարությունը բոլորին հարկային արձակուրդ պետք է տա կամ ոչ բոլորին, ապա այդ ծախսերն ինչո՞վ պետք է իրականացնի: Դրա համար մենք ասում ենք, որ մարդիկ պետք է պատրաստ լինեն իրենց սովորական հարկերը, վճարումները անել: Իհարկե, ճգնաժամը չենք կարող արհամարհել, դրա համար կառավարությունը միջոցներ է ներդնում, այսինքն՝ քաղաքացու հետ մասնակցում ենք հարկերի վճարմանը: Պայմանավորվել ենք, որ բանկերը, վարկերի հետ կապված, պետք է անհատական աշխատեն իրենց հաճախորդների շրջանակների հետ: Այո, մենք համարում ենք, որ կարող են լինել որոշակի սոցիալական ճգնաժամային երևույթներ: Դրա համար նախատեսել ենք 25 մլրդ դրամի չափով սոցիալական աջակցության փաթեթ, բայց այս փաթեթը պետք է լինի հասցեական, որ հասնի նրանց, ովքեր դրա կարիքն իրականում ունեն»,- ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ օժանդակության փաթեթները պետք է ուղղված լինեն կոնկրետ բիզնեսի, ընկերությունների դիրքերը լավացնելուն, որովհետև հիմա կա մի ընդհանուր ընկալում, որ այս կորոնավիրուսից հետո աշխարհն այլևս նախկինը չի լինելու: «Մեր ուղերձը մեր բիզնեսին և մեր հանրությանն այն է, որ հիմա իսկապես այդ ինտելեկտուալ վերլուծական աշխատանքի ժամանակն է և բոլոր բիզնեսները, բոլոր գործունեության տեսակները վերակազմակերպելու և վերանախագծելու ժամանակն է, որպեսզի այդ բիզնեսները, այդ գործունեության տեսակները մրցունակ լինեն ետկորոնասվիրուսային աշխարհում»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով այն հարցին, որ կարող են ասել, թե ինչի է կառավարությունը բանկերին ներգրավում այս գործընթացի մեջ, վարչապետը նշել է. «Դրա համար կա շատ հիմնավոր պատճառ՝ կառավարությունը սովորաբար ծրագրերը գնահատելիս շատ ավելի հեշտ է տրվում էմոցիանալ ճնշումների և մենք կարող ենք էմոցիոնալ որոշումների հետևանքով գումարները ոչ արդյունավետ օգտագործելու գայթակղությանը տրվել: Մեզ պետք է ծրագրերը գնահատող մասնագիտացված և ոչ էմոցիոնալ մարմին, որը պատրաստ լինի ծրագրի ռիսկ որոշակի վերցնել, ռիսկով որոշակի գնահատում իրականացնել: Բայց մենք հասկանում ենք նաև, որ այստեղ էլ ամեն ինչ իդեալական չէ, դրա համար մենք երեկ քննարկեցինք, որ այս ծրագիրը գործարկելուց հետո անընդհատ մոնիթորինգի տակ կլինի, կտեսնենք՝ ինչ-որ բան չի աշխատում, մենք բովանդակության մեջ փոփոխություններ կանենք»: Նիկոլ Փաշինյանը հայտնել է նաև, որ տնտեսական, հակաճգնաժամային գործողություններ իրականացնող խումբը դե ֆակտո ձևավորված է. «Դա կառավարության տնտեսական բլոկն է: Մենք աշխատում ենք ամենօրյա ռեժիմով, նաև Ազգային ժողովի ներկայացուցիչներ կան ներգրավված: Մենք մեր մատը պահելու ենք տնտեսության զարկերակի վրա, և ամեն օր անհրաժեշտ փոփոխություններ կիրականացնենք և ազդակներից կանենք հետևություններ»: Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ ամեն օր խուճապային բովանդակությամբ նամակներ է ստանում: «Կառավարությունը խուճապի չի մատնվելու, կառավարությունը զգացմունքային, չհաշվարկված որոշումներ չի կայացնելու: Հիմա զարգացման ռազմավարություններ մեկնարկելու ամենահարմար պահն է Հայաստանի Հանրապետության համար, որովհետև աշխարհը վերափոխվում է, հին աշխարհը բոլորիս աչքի առաջ քանդվում է, և նոր աշխարհում մենք պետք է հանդես գանք բոլորովին նոր դեմքով, նոր ուժով, նոր իմիջով»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական աջակցության պարագայում ամեն կոնկրետ որոշում պետք է ունենա հիմնավորվածությունը: «Մենք հստակ կանոնների գծեր չենք սահմանում, որովհետև հիմա ոլորտներ կան, որոնք անսպասելիորեն վերջին մեկ ամսվա ընթացքում հնարավոր է դարձել են ամենաշահութաբեր ոլորտներից: Բայց մյուս կողմից այս դեպքերն էլ մենք պետք է դիտարկենք, որովհետև շատ հնարավոր է, այդ ընկերությունները ունեն աջակցության կարիք, որպեսզի երկարաժամկետ առումով լինեն ավելի մրցունակ»,-նշել է կառավարության ղեկավարը: Անդրադառնալով պարենային ապահովվածության հարցին՝ վարչապետը նշել է, որ այդ առումով խնդիրներ չունենք: «Հիմա իմ ձեռքի տակ տեղեկանք է, որը վկայում է՝ մենք սննդի բավականին լավ պաշարներ ունենք: Օրինակ՝ շաքարավազի 201 օրվա պաշար ունենք երեկ չէ առաջին օրվա դրությամբ, հավի մսի 64 օրվա պաշար ունենք, ձեթի՝ 38 օրվա պաշար ունենք: Բայց միևնույն ժամանակ իմ ձեռքի տակ տեղեկանք է, որ երեկ՝ միայն ամսի 18-ին 38 բեռնատար սննդամթերք է մուտք գործել Հայաստան, այդ թվում՝ 18 տոննա ձեթ, 220 տոննա շաքար, 145 տոննա ցորեն, 15 տոննա հրուշակեղեն, 20 տոննա սիսեռ և այդպես շարունակ՝ արևածակի սերմ, դդմի սերմ, սառեցված միս, նույնիսկ՝ կարտոֆիլ: Եվ ուզում եմ ասել, որ լիարժեք ապահովված ենք նաև վառելիքով՝ բենզինով և դիզելային վառելիքով և ներմուծվում էլ է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը: ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը զեկուցել է, որ, մասնավորապես, հանրապետությունում բենզինի առնվազն 3 ամսվա, իսկ դիզելի՝ 1,5 ամսվա պաշար կա:




Comments