top of page

Կառավարությունը աջակցություն կտրամադրի 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին

Apr 2, 2020
5 min read


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը կառավարության նիստում քննարկվել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 92 նոր դեպք, որի գերակշիռ մասը ի սկզբանե կասկածելի գոտում է գտնվել: «Իհարկե, կան նաև նոր դեպքեր, հատկապես բերովի՝ տարբեր երկրներից, թե՛ ցամաքային, թե՛ օդային ճանապարհով: Նրանց բոլորի շփման շրջանակը հիմա պարզվում է, որպեսզի շարունակենք բոլոր նախատեսված գործողությունները»,-ասել է նախարարը: Նշվել է նաև, որ ապաքինվել է 33, մինչև այժմ մեկուսացումից դուրս է եկել 350 քաղաքացի: Արսեն Թորոսյանը նշել է, որ ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում արդեն 9 բժշկական կազմակերպություն զբաղվում է գրեթե միայն կորոնավիրուսով վարակվածների բուժմամբ: «Դրանք են՝ «Նորքի» ինֆեկցիոն հիվանդանոցը, Նորք Մարաշի Օրթոպեդիայի ինստիտուտը, Ոստիկանության հոսպիտալը, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքը, Արտաշատի բժշկական կենտրոնը, Գյումրու և Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցները, Կապանի բժշկական կենտրոնի առանձին մասնաշենքը։ Հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածների թվերի մեծացումը՝ որոշում է կայացվել ՀՀ ամենամեծ բուժկենտրոնը՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորել միայն կորոնավիրուսով պացիենտների բուժման համար»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ օրվա ընթացքում այս բժշկական կենտրոնն ամբողջությամբ կդատարկվի, այնտեղից ռեանիմացիոն պացիենտները կտեղափոխվեն այլ բժշկական կենտրոններ: Անդրադառնալով վերջին մեկ օրում վարակավածության 92 դեպքերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, կորոնավիրուսի դեպքերի ավելացման տեմպի աճի որոշակի վտանգ կա։ «Մի օրվա տվյալով երևի պետք չէ հետևություն անել, բայց դեպքերի տեմպի աճի որոշակի վտանգի առաջ ենք կանգնած, չնայած նախորդ օրը մենք ունեինք տեմպի նվազում: Այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ մենք թեստավորման քանակները մեծացնում ենք, և դա ճիշտ մոտեցում է: Չենք ուզում հնարավորինս քիչ դեպք ախտորոշենք, ընդհակառակը՝ ուզում ենք հնարավորինս շատ դեպք ախտորոշենք: Եվ այստեղ ընդհանուր առմամբ մենք կարող ենք ասել, որ մեր իրավիճակը դեռևս վերահսկելիության շրջանակում է»,-նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կոչ է արել քաղաքացիներին այդքան հանգիստ չվերաբերվել կորոնավիրուսին: «Կա երկու ծայրահեղություն. մի ծայրահեղությունը խուճապն է, որն անթույլատրելի է, և դրա կարիքը չկա ընդհանրապես: Եվ երկրորդ ծայրահեղությունը համատարած հանգստությունն է այս համաճարակի տարածման հետ կապված: Մենք սկզբնական շրջանում կարողացանք, այպես ասած, կանխել խուճապային երևույթները, բայց, կարծես, չափից ավելի շատ ենք կանխել այդ խուճապային երևույթները: Հիմա չենք կարողանում մեր հանրությանը հետ բերել ինչ-որ մի հավասարակշռված վիճակի, որովհետև երկրում տիրում է համատարած հանդարտություն, հանգստություն: Իհարկե, դա լավ է զուտ սոցիալ-հոգեբանական տեսակետից, բայց համաճարակային տեսակետից դա պրոբլեմ է, որովհետև հենց այս հանգստությունն է ստեղծում վտանգ, որ վարակի տեմպը կավելանա: Սիրելի՛ հայրենակիցներ, ես խնդրում եմ այդքան հանգիստ մի վերաբերվեք այս պրոբլեմին: Այսօր մեր հիվանդների 80 տոկոսը նույնիսկ ջերմություն չունի, և, ըստ էության, նրանց մենք չենք բուժում: Բայց նրանց պահում ենք հաստատություններում, որովհետև եթե նրանք դուրս գան՝ կվարակեն այլ քաղաքացիների»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը ցավակցել է կորոնավիրուսից մահացած 89 տարեկան մեր հայրենակցի հարազատներին և մերձավորներին: «Ինչպես ասել ենք՝ ամենամեծ ռիսկի խումբը մեր տարիքով հայրենակիցներն են, և մենք, մեկուսացման, սահմանափակման պայմանները չպահելով, առաջին հերթին վտանգի տակ ենք դնում մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին»,-ասել է գործադիրի ղեկավարը: Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ պարետատան ձեռնարկած միջոցներն ուղղված են քաղաքացիների անվտանգության պահպանմանը. «Սա այն դեպքը չէ, երբ այս արտակարգ միջոցներն իրականացվում են ինչ-որ քաղաքական կամ այլ նպատակներով: Սա արվում է մեր քաղաքացիների անվտանգության համար: Կարծում եմ՝ մեր քաղաքացիներին նույնպես պետք է խնդրենք, որ որոշակի ավելի շատ ջանք գործադրեն սեփական անվտանգությունը պահելու համար՝ կրկին անգամ ներողություն խնդրելով պատճառված անհարմարությունների համար»: Վարչապետն այդ համատեքստում կարևորել է նոր գործիքի կիրառումը, որի վերաբերյալ ամենաանհեթեթ մեկնաբանություններն են հնչել: «Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը տալիս է հնարավորություններ օրենքով սահմանված դեպքերում և կարգով, առանց կորոնավիրուսի և այլ տվյալների, գաղտնալսել, հետևել, այլ օպերատիվ միջոցառումներ անել բոլոր այն դեպքերում, երբ օրենքով սահմանված դրա անհրաժեշտությունը կա: Հետևաբար պետությունն ու կառավարությունը դա իրականացնելու համար որևէ հավելյալ գործիք ներգրավելու անհրաժեշտություն չունի: Այսինքն՝ ում օրենքով սահմանված կարգով պետք է գաղտնալսել, հետևել և այլն, այդ բոլոր գործիքակազմը Հայաստանի օրենսդրությամբ կա, գոյություն ունի: Միայն Հայաստանի չէ, աշխարհի բոլոր երկրների օրենսդրություններով, և հետևաբար այդ մեկնաբանություններին այլ անվանում, քան անհեթեթություն, թե իբր արտակարգ դրության իրավական ռեժիմի օրենքում արված փոփոխություններն արվել են քաղաքացիներին վերահսկելու համար, ուղղակի անհեթեթ են: Այն կառավարությունը, որը քաղաքացիների 75-80 տոկոսի անվերապահ աջակցությունն է վայելում, ի՞նչ կարիք ունի վերահսկելու: Քաղաքացիներին վերահսկելու անհրաժեշտություն են ունենում այն կառավարությունները, որոնք չունեն լեգիտիմություն և որոնց իշխանությունը չի բխում ժողովրդից»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Անցնելով օրակարգային հարցերին՝ կառավարությունը հաստատել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման իններորդ միջոցառումը, որի նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 18 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին: Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 18 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝ երեխայի ծնողները չեն ունեցել գրանցված աշխատանք 2020թ. մարտի 12-ի դրությամբ և չեն ընդունվել ժամանակավոր կամ մշտական գրանցված աշխատանքի 2020թ. մարտի 12-ից մինչև 2020թ. մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում, երեխայի ընտանիքը 2020թ. մարտի 12-ի դրությամբ հաշվառված չի եղել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում կամ ընտանիքի անապահովության միավորը ցածր է 28.01-ից, երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. մարտի 31-ի դրությամբ չեն հանդիսացել անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել: Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով: Աջակցությունը տրամադրվում է ծնողներից մեկի կողմից online.ssa.am կայքէջին սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմումի հիման վրա: Ընտանիքը միջոցառման շահառու կարող է հանդիսանալ շահառու, եթե մինչև 18 տարեկան երեխաները (կամ միակ երեխան) և նրա ծնողները (կամ միայնակ ծնողը) մշտապես բնակվում են Հայաստանում և 2020թ մարտի 12-ից մինչև մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում առնվազն մեկ ծնողը և երեխաները գնտվել են Հայաստանում: Միջոցառման իմաստով ընտանիքը չի կարող հանդիսանալ շահառու, եթե երեխայի ծնողները կամ ծնողներից մեկը 2020թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում ունեցել է գրանցված հիմնական կամ ժամանակավոր աշխատանք և այդ ժամանակահատվածում ծնողների միջին ամսական աշխատավարձի հանրագումարի, կամ ծնողներից մեկի միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը: Միջոցառման շահառու են հանդիսանում նաև բոլոր այն ծնողները կամ ընտանիքները, որոնք հանդիսանում են կառավարության ընդունած նախորդ սոցիալական ծրագրերից մեկի շահառու, սակայն սույն միջոցառմամբ սահմանված կարգով ՝ յուրաքանչյուր երեխայի համար 26 500 ՀՀ դրամ գումարի չափով աջակցություն ստանալու հաշվարկի դեպքում ստացվում է ավելի մեծ գումար: Այս դեպքում, շահառուն իրավունք ունի հրաժարվել վերոնշյալ որոշումներով հաստատված միջացառման աջակցությունից և դիմել սույն միջոցառմամբ սահմանված չափով աջակցության համար: Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կորոնավիրուսի ծավալման առաջին օրերից, մենք խնդիր ենք դրել, որ գտնենք իսկապես կարիքավոր խմբերին, որպեսզի մեր աջակցությունը լինի մաքսիմալ հասցեական: Գիտեք, որ այս ընթացքում արդեն ութ միջոցառում ենք ընդունել, որոնցից չորսը սոցիալական աջակցության բնույթ ունի, իսկ չորսը՝ տնտեսական: Մենք արձանագրել ենք, որ այդ միջոցառումների շրջանակում չենք կարողանում հասնել մի սոցիալական շերտի, որի մի մասը մեր լավագույն ցանկության դեպքում, պետք է այդ կարգավիճակը չունենար: Խոսքը աշխատող, բայց աշխատանքը չգրանցած անձանց և, երկրորդը, ընդհանրապես որևէ աշխատանք չունեցող մարդկանց մասին է, ովքեր ներառված չեն սոցիալական աջակցության այլ ծրագրերում, մասնավորապես ընտանեկան նպաստի ծրագրերում: Մենք որոշեցինք, որ հասցեականության, այդ թվում՝ գաղափարականության առումով, շատ ճիշտ է, որ այս աջակցությունը հասցեագրենք երեխաներին: Այսինքն, ըստ էության, այս ծրագրի իրական շահառուն հադիսանում են ոչ թե ծնողները, այլ՝ երեխաները»: Վարչապետը նշել է, որ արդեն հաստատվել են սոցիալական բնույթի 5 միջացառումներ, որոնք կօգնեն 100 հազարավոր մեր հայրենակիցներին հաղթահարել այս ճգնաժամային իրավիճակը: Այնուհետև բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները մանրամասներ են ներկայացրել 8 միջոցառումների ընթացքի վերաբերյալ:

 
 
 

Comments


bottom of page