top of page
ԼՐԱՀՈՍ
Search

«Կամակատար» դատական համակարգ ունենալու հետևանքները


«Այս օրերին հետաքրքրական զարգացումներ են տեղի ունենում դատական համակարգի հետ կապված։ Ընդամենը մեկ ամիս անց սպասվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որով իշխանությունները մտադիր են հասնել ներկայիս Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնանկությանը և նրանց փոխարինել իրենց հավատարիմ դատավորներով։ Սակայն ուշագրավ է, որ ՍԴ-ի հարցերը լուծելու հետ մեկտեղ իշխանությունները վերակենդանացնում են դատավորների վեթինգի գործընթացը։

Դեռևս 2019 թվականի մայիսին դատարանների շրջափակումից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր դատական համակարգում վեթինգ իրականացնելու անհրաժեշտության մասին, որը պետք է լիներ անցումային արդարադատության հաստատման անհրաժեշտ տարր։ Անցած տարի իշխանությունների համար իրավիճակը շատ պատեհ էր վեթինգի իրականացման համար, սակայն, ի զարմանս բոլորի, այդ հարցի լուծումն առկախվեց։

Խնդիրն այն է, որ քանի ՍԴ-ն պահպանում էր իր անկախությունը, իսկ հիմա, երբ հույս ունեն ՍԴ-ի հարցերը վերջնականապես լուծել, ապա որևէ խանգարող հանգամանք չի լինի, որպեսզի իշխանությունները վերափոխեն ողջ դատական համակարգը՝ ըստ էության դրան տալով կցորդի կարգավիճակ։

Եվ դատավորների վեթինգի իրականացման տրամաբանությունից է բխում կառավարության կողմից ներկայացված «ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դատավորների տարիքային շեմը 28-ից իջեցնել 25-ի, սահմանել 3 տարվա մասնագիտական ստաժ՝ 5 տարվա փոխարեն։

Այս նախագիծն արդեն առաջին ընթերցմամբ քննարկման առարկա է դարձել ԱԺ-ում և բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել: Բազմաթիվ փորձագետներ այն կարծիքին են, որ իշխանությունները նախադրյալներ են ստեղծում, որպեսզի դատական համակարգը լցնեն բազմաթիվ անփորձ կադրերով, ինչպես որ արել են պետական կառավարման համակարգում։

Դժվար թե իշխանությունները չհասկանան, որ 25 տարեկան երիտասարդը, որ վերջերս է ավարտել համալսարանը, ի վիճակի չէ պատշաճ կերպով մարդկանց ճակատագրեր որոշել: Սակայն խնդիրն այլ տեղ է թաքնված։ Դատավորներն ինչքան անփորձ և չկայացած լինեն, այնքան հեշտ կլինի նրանց «հղկել» և ուղղորդել։

Իշխանություններին հենց այն է պետք, որ դատավորները չկարողանան անկախ որոշումներ կայացնել և լիովին կախված լինեն իրենց կամքից։ Իսկ այսպիսի դատական համակարգը իշխանություններն օգտագործելու են ընդդիմախոսների վրա ճնշումներ բանեցնելու և, այսպես ասած, «գործեր կարելու» համար։

Սա, ըստ էության, նաև Հայաստանի միջազգային հեղինակության հարցն է, որը չհաշվարկված քայլերի արդյունքում կարող է տուժել։ Չպետք է այնպիսի քայլեր ձեռնարկել, որ դատական համակարգի ունքը ուղղելու փոխարեն աչքը ևս դուրս գա։ Դատական համակարգը իշխանության երեք ճյուղերից մեկն է, և դրա աղճատումը վատ հետևանքների կարող է հանգեցնել, քանի որ հանրությունը վերջնականապես կկորցնի իր վստահությունը դատական համակարգի նկատմամբ։ Իհարկե, հակված չենք այն մտքին, թե զանգվածաբար բոլոր դատավորներին փոխելու և 25 տարեկանների են նշանակելու: Սակայն դժվար է կանխատեսել, թե այս փոփոխության արդյունքում իրականում ինչ «ռասկլադ» կունենանք: Այնինչ, դժվար չէ կանխատեսել, թե ինչ որակ կունենան դատական որոշումները անփորձ դատավորների նշանակումից հետո։ Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նույնիսկ ներկայում բազմաթիվ դիմումներ են հղվում ՄԻԵԴ, և այնտեղ մեծ քանակությամբ որոշումներ են ընդունվում Հայաստանի դեմ, ապա այս փոփոխությունից երևակայելն անգամ սարսափելի է, թե ինչ հետևանքներ կարող են լինել։ Մյուս կողմից՝ իշխանությունների կամակատար դատական համակարգ ձևավորելը հղի է բռնապետության ճանապարհը բռնելու վտանգով՝ իր բոլոր ծանր հետևանքներով հանդերձ»,-գրում է թերթը: Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page