top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Լուրջ վտանգ՝ ՀՀ տնտեսության համար. արտահանման ու ներմուծման տարբերության մտահոգիչ թվերը


«Փաստը» գրում է. «Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը առկա ճգնաժամից մեծ վնասներ է կրել, ինչը կանխատեսելի էր՝ հաշվի առնելով մի շարք գործոններ: Առաջին պատճառն այն է, որ մեր ավանդական սպառման շուկաներում մեր ապրանքների նկատմամբ համաշխարհային պահանջարկը նվազել է, բացի այդ, ի հայտ են եկել բազմաթիվ լոգիստիկ խնդիրներ. ներկայումս շատ դժվար է բեռնափոխադրման գործընթացը ժամանակին ու ամբողջ ծավալով կազմակերպել: Անդրադառնալով արտաքին առևտրի ծավալներին ու նոր շուկաներ գտնելու հնարավորությանը՝ «Փաստի» հետ զրույցում այս մասին հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը: 


Նա ընդգծեց, որ այս տարվա կիսամյակային տվյալների համաձայն՝ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 10,7 տոկոսով, արտահանումը՝ 6,5-ով, ներմուծումը` 12,9 տոկոսով: 


«Առհասարակ, անհրաժեշտ է, որ ցանկացած երկրի արտաքին առևտրաշրջանառության սալդոն դրական լինի, այսինքն` երկիրը ավելի շատ արտահանի, քան ներկրի: Երբ ներմուծումն ավելի շատ է, քան արտահանումը, նշանակում է՝ առանց արտաքին օժանդակության երկիրն ապրելու հնարավորություն չունի: 


Այդ դեպքում դրսից տրանսֆերտներ պետք է ստանա կամ ավելացնի պետական պարտքը: 2019 թվականի տվյալներով՝ ներմուծումը 2,5 անգամ ավելի շատ է, քան արտահանումը, ինչը մտահոգիչ է: 


Մեր տնտեսական քաղաքականության մեջ երբեք ներմուծման փոխարինման ծրագրեր չեն եղել, ինչի հետևանքով առանձին երկրների դեպքում մենք մտահոգիչ թվեր ունենք: Առանձին դեպքերում արտահանման ու ներմուծման տարբերությունը շատ մեծ է: 


Օրինակ՝ Թուրքիայից ներմուծումը 120 անգամ ավելի է արտահանումից: Սա վկայում է այն մասին, որ Հայաստանը դարձել է թուրքական ընկերությունների սպառման շուկա: 


Եթե մի կողմ ենք դնում քաղաքական և մյուս հարցերը ու խնդրին զուտ տնտեսական կողմից ենք նայում, ապա սա Հայաստանի տնտեսության, Հայաստանի արտադրողների համար լուրջ վտանգ է»,-ասաց տնտեսագետը՝ նշելով, որ, ի հաշիվ նաև թուրքական լիրայի արժեզրկման, թուրքական ապրանքներն ավելի են էժանացել:


«Օրինակ, վերջին տարիներին Թուրքիայից հատկապես ավտոյուղերի մեծ հոսք նկատվեց դեպի Հայաստան, մինչդեռ նախկինում այդ հոսքը շատ ավելի քիչ էր: Ընդհանուր առմամբ, մենք գործ ունենք տնտեսական վտանգավոր միտումների հետ, որի «դեմն առնել» է պետք: 


Նախ՝ անհրաժեշտ է ուսումնասիրել Թուրքիայից առավել շատ ներկրվող ապրանքախմբերը և առանձին ապրանքների համար ներմուծման փոխարինման ծրագրեր կազմել: Օրինակ՝ եթե հնարավոր է՝ արտադրել Հայաստանում, եթե՝ ոչ, մտածել այլ երկրներից, մասնավորապես ԵԱՏՄ անդամ երկրներից նույնանման ապրանքների ներկրման մասին»,-ասաց նա՝ կարևորելով նաև Իրանի հանգամանքը:


«Իրանում ապրանքների ընտրության մեծ հնարավորություն կա: Միանշանակ, նախընտրելի է Իրանի հետ մեր առևտրաշրջանառությունը մեծացնել՝ ի հաշիվ թուրքական ապրանքների: 


Ընդհանուր առմամբ, մենք ընտրության որոշակի հնարավորություններ ունենք, ինչպես նաև ազատ առևտրի մի շարք համաձայնագրեր: Օրինակ՝ 2019 թ. հոկտեմբերի 27-ից ուժի մեջ մտավ Իրանի հետ ազատ առևտրի ժամանակավոր համաձայնագիրը, որը թույլ է տալիս 300-ից ավելի ապրանքներ ցածր մաքսատուրքերով ներկրել Իրան:


Այդուհանդերձ, այդ հնարավորություններից դեռ չենք օգտվել, որի պատճառներից մեկը այդ նույն պայմանագրի մասին մեր բիզնեսի ունեցած ցածր իրազեկվածությունն է: Բացի այդ, չկան պետական աջակցության ծրագրեր, որոնցով կխրախուսվի հայ-իրանական համատեղ ընկերությունների, արտադրությունների հիմնումը: 


Մեծ հաշվով, հնարավորություններ կան, բայց, ցավոք, այդ ուղղություններով քայլեր չեն արվել ու այսօր էլ չեն արվում: Ամեն ինչ ինքնահոսի է թողնված»,-ասաց Ս. Պարսյանը:


Նա շեշտեց, որ թուրքական ապրանքների առևտուրը մեր առևտրականների համար սոցիալական խնդիր է լուծում, և այս հանգամանքը նույնպես պետք է հաշվի առնել. «Աստիճանական լուծումներ են պետք: Հերթով դիտարկելով ապրանքները՝ այլընտրանք պետք է առաջարկենք: Զուտ արգելելով՝ հարց չի լուծվի, դա կնմանվի մի իրավիճակի, երբ մարդը նստած է մի ճյուղի վրա, և այդ ճյուղը կտրում են: 


Միանշանակ է, որ այս խնդրի համար զուտ տնտեսական մեխանիզմները բավարար չեն: Պետք է հաշվի առնենք նաև քաղաքական բաղադրիչները, արտաքին կապերը, դիվանագիտական ներուժը: Նույն ռուսական կողմը կցանկանա, որ առանձին ապրանքներ ոչ թե Թուրքիայից, այլ Ռուսաստանից ներկրվեն: 


Ամեն դեպքում, այն, որ տարեցտարի թուրքական ապրանքների ներկրումն ավելանում է, մտահոգիչ է, իսկ արտահանում գրեթե գոյություն չունի, որովհետև Թուրքիան բազմաթիվ սահմանափակումներ ունի թե՛ հայկական, թե՛ այլ ապրանքների առումով: 


Այնպես որ, պետք է գնահատել մեր տնտեսական անվտանգության ներկայիս վիճակն ու ըստ դրա լուծումներ տալ: Սա ընդդիմության, իշխանության հարց չէ: Սա կարևոր ռազմավարական նշանակության խնդիր է, որի լուծմանը պետք է մասնակցի ողջ հայությունը՝ ներդնելով իր ողջ ներուժը»»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page