ԼՂ հարցով քննարկվող փաստաթղթերը ենթադրում են հակամարտության փուլային տարբերակով լուծում. Լավրով

Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված լուծումները, որոնք առաջարկվել են անցյալ տարի Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ, ակտիվորեն քննարկվում են: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված կլոր սեղանի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը: «Գոյություն ունեն մադրիդյան սկզբունքներ, կան փաստաթղթեր, որոնք պատրաստվել են ՌԴ-ի կողմից 2010-2011 թվականներին, այսպես կոչված, Կազանի փաստաթուղթը: Կան նախագծեր, որոնք տարածվել են անցյալ տարվա ապրիլին Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը՝ համանախագահների մասնակցությամբ, և դրանք հիմա ակտիվորեն քննարկվում են»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը: Նա պարզաբանել է, որ այդ փաստաթղթերը ենթադրում են «կարգավորում՝ փուլային մոտեցմամբ, առաջարկելով առաջին փուլում առավել հրատապ խնդիրների լուծում, Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների ազատում, տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»: «Պայմանավորվությունները սկսել են, հիմա պետք է համաձայնեցնել: Հենց դրան էլ մենք ձգտում ենք՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ»,- ասել է Լավրովը:




Comments