top of page

Լավ կլինի, որ 12-ամյա կրթությունը դառնա 11-ամյա և հնարավորություն ստեղծվի դրան անցնել փուլ առ փուլ

Jul 4, 2020
2 min read

Հանրակրթության պետական չափորոշչի նախագիծն առայժմ խոսակցությունների մակարդակում է և պատրաստի փաստաթուղթ առայժմ չկա։ Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ խոսքը գնում է անցմանը գնահատման նոր համակարգի, հայ եկեղեցու պատմություն առարկան ընդհանրապես հանելու և այն ինտեգրելուն ընդհանուր պատմության մեջ, ինչպես նաև հրաժարումը 12-ամյա կրթությունից։



«Տեղեկատվությունն առայժմ ամբողջական չէ, հետևաբար, ճիշտ կլիներ, որ նախագիծը հրապարակվեր, եթե իհարկե այն արդեն պատրաստ է։ Այդուհանդերձ, նախ ասեմ, որ կրթության վերաբերյալ հայեցակարգի մշակման նախաձեռնությունը ողջունելի է, դա շատ կարևոր է, քանի որ մշակման այն համակարգը, որ ունենք, խարխուլ վիճակում է գտնվում, միասնական համակարգ անհնար է տեսնել։ Այո, պետք է սկսել հայեցակարգից, հետո ունենալ կրթության վերաբերյալ օրենք, հետո ենթաօրենսդրական ակտեր, որ կկարգավորեն ամբողջ համակարգը՝ սա ողջունելի է»։ 

Անդրադառնալով հայեցակարգի հիմնաքարային դրույթներին՝ նա նշեց, որ ինչ վերաբերում է հայագիտությանը և ազգային դաստիարակությանը, ապա այս հայեցակարգով պետք է հետքայլ չգրանցի։

«Խոսքը այդ թվում՝ հայ եկեղեցու պատմության մասին է։ Կարելի է քննարկել, թե ինչ ձևով այն ուսումնասիրել, բայց որ դրա մասին պետք է որոշակի գիտելիքներ տրվեն դպրոցահասակ երեխաներին՝ դա միանշանակ է։ Ինչ վերաբերում է գնահատման համակարգին, ապա վերջերս խոսվում է գնահատման համակագից գնահատականները հանելու մասին, սա ևս ողջունելի է, եթե մենք դրան ձգտենք, այսինքն ոչ թե հենց վաղվանից անցնենք այդպիսի համակարգի, այլ ձգտենք դրան՝ ինչպես արևմտյան և հյուսիսային Եվրոպայի երկրներում է։ Այսինքն, երբ գնահատվում է աշակերտը՝ ոչ թե համեմատելով իր դասարանի մյուս աշակերտի հետ, այլ գնահատվի համեմատելով աշակերտի՝ նախկինում ունեցած գիտելիքների հետ, այսինքն՝ գնահատվի յուրաքանչյուր աշակերտի առաջընթացը և ցուցաբերվի անհատական մոտեցում։ Ենթադրվում է նաև, որ որևէ գնահատական բացասական չի լինի։ Այսինքն, եթե անգամ 10 բալային համակարգով աշակերտը ստանում է մեկ՝ նա փոխադրվում է հաջորդ դասարան»։

Քննարկվում է նաև 12-ամյա կրթական համակարգից հրաժարում։

Մխիթարյանն ասաց նաև, որ ծանոթ է բազմաթիվ ուսուցիչների կարծիքների, ըստ որի՝ ներկայումս գործող 12-ամյա համակարգը իրեն չի արդարացնում։

«Դրա մասին խոսում են նաև ոլորտի պատասխանատուները։ Դրա համար մեծամասնությունը այն կարծիքին է, որ անհրաժեշտ է 12-ամյան կրճատել։ Ես կարծում եմ, որ եթե այսքան տարիների ընթացքում չենք կարողացել 12-ամյա կրթությունը լրացնել և ամրացնել համապատասխան ծրագրերով բովանդակությամբ, այն անհրաժեշտ է կրճատել։ Կարծում եմ, լավ կլինի, որ 12-ամյան դառնա 11-ամյա և հնարավորություն ստեղծվի դրան անցնել փուլ առ փուլ։ Կարծում եմ, 10-ամյան շատ կարճ կլինի, իսկ 11-ամյան ընդունելի է, որը նախկին մեր ունեցած համակարգի ձեռքներումները կարող է պահել և նոր համակարգի լրացուցիչ դրական ձեռքբերումներ ավելացնել և ունենալ 11-ամյա հանրակրթություն»։

Նա նշեց նաև՝ առայժմ չկա մեկ միասնական կարծիք, թե ինչ ուրիշ առարկաներ կան, որոնք կարելի է հանել կամ միավորել այլ առարկաների հետ, առայժմ այս բոլոր հարցերը պետք է քննարկվեն ընդհանուր համատեքստում։ Պետք է մշակվեն չափորոշիչները, որոնց պետք է ձգտենք և դրան հասնելու համար պետք է հասկանանք, թե մեզ ինչ առարկաներ են անհրաժեշտ։

 
 
 

Comments


bottom of page