Իրականում մենք կարող ենք ավելին, քան կարծում ենք. Վահե Մելիքյան

Երբ ես բարձրանում էի Կիլիմանջարոյի գագաթը, ամեն վայրկյան մտածում էի, որ շունչս կփչեմ, որ սա իմ ուժերից վեր է, սակայն հետդարձի ճանապարհ չկար. առջևում իմ առաջին բարձունքն էր, որը ես պետք է հաղթահարեի և ես ուղղակի շարունակում էի քայլել ու քայլել…Երբ ես հասա գագաթին, ես հասկացա, որ մեր հնարավորությունները սահմաններ չունեն, իրականում մենք կարող ենք ավելին, քան կարծում ենք, պարզապես պետք է նպատակ դնել, հավատալ սեփական ուժերին և համառորեն քայլել այդ ուղղությամբ: Այս մասին մեզ հետ զրույցում անկեղծացավ հասարակական գործիչ, «Գրքասեր կանանց ակումբի» մշտական գործընկեր, աջակից Վահե Մելիքյանը:
Ըստ նրա` համբերատարությունը, այս աշխարհն ավելի լավը դարձնելու ձգտումը և հավատը սեփական ուժերի հանդեպ. սա է միավորում բոլոր այն մարդկանց, ովքեր ինչ-որ բանի հասել են իրենց կյանքում: Ռեսուրսներ բոլորն ունեն, դրանց քանակն ու որակն են ազդում արդյունքի վրա, և համաձայնվեք, նույնիսկ փոքր հաղթանակը հաղթանակ է»:
Հասարակական գործիչն անդրադարձավ «Հայկական նախաձեռնությանը». «Հայկական նախաձեռնությունը», ըստ իս, հայկական հկ դաշտի նոր սերնդի առաջին ծիծեռնակն է, այն հաջողված փորձ է, այն ավանդական համայնքների էվոլյուցիոն աճն է, դրանց` ակտիվության խթանիչը: Ավանդական համայնքների հիմնական խնդիրն այն է, որ նրանք վաղեմի պատմություն ունեն, անցյալի բեռը, սխալների և հաջողությունների շղթան, կարծրատիպերն ու սպասումները, չափից դուրս բյուրոկրատիզմը, հեղինակության բեռը… այս բոլոր դանդաղեցնում, խոչընդոտում ու նվազեցնում են կազմակերպության գործունեության արդյունավետությունը… Մինչդեռ մոբիլ և կոմպակտ կազմակերպությունները նմանատիպ խնդիրներ չունեն և կարող են օրինակ դառնալ ավանդական համայնքների ավելի երիտասարդ, բայց փորձառու ներկայացուցիչների համար, այն անձանց համար, ովքեր տեսնում են դրական փոփոխությունների հնարավորություն և ձգտում են հասնել դրան:
Նմանատիպ կազմակերպությունները հանգած մոխիրի բորբոքող կայծի պես են. թեթև քամի և կրակը բորբոքվում է»:
Գրքասեր կանանց ակումբը հովանավորելու վերաբերյալ նա նման կարծիք հայտնեց.
«Ես սիրում եմ ներդրում անել ճիշտ մարդկանց և ճիշտ նախագծերում: Այստեղ ես տեսա ճիշտ մարդկանց, ովքեր ճիշտ նախագիծ են սկսել, և ցանկացա օգնել նրանց: Ինչու կողքից դիտել, երբ կարելի է դառնալ կարևոր և հրաշալի նախագծի աջակից, և ես այս հնարավորության համար շատ շնորհակալ եմ Մարիամ Մարտիրոսյանին, ում վաղուց գիտեմ և շատ հարգում եմ»:
Նրա հավաստմամբ կարևոր է, որ կինը երջանիկ լինի: «Դժբախտ կնոջ կողքին տղամարդը չի կարող երջանիկ լինել: Ծնողների դժբախտությունը դժբախտացնում է երեխաներին: Որքան շատ են հանրապետությունում դժբախտ ընտանիքները, այդքան դժբախտ է պետությունը:
Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ կինը նախևառաջ երջանիկ լինի և բավարարված իր զբաղմունքով, իսկ թե որտեղ է այդ երջանկությունը՝ աշխատանք, տուն, թե այս երկուսի համատեղում, յուրաքանչյուր կնոջ սեփական ընտրությունն է: Ցանկացած դեպքում պետք է հիշել, որ պակաս կարևոր չէ և տղամարդու երջանիկ լինելու փաստը, այնպես որ ամեն ինչում հավասարակշռություն է պետք»,- կարևորեց «Գրքասեր կանանց ակումբի» մշտական գործընկեր, աջակից Վահե Մելիքյանը:
Հարցին, թե պետք է արդյոք կինը ղեկավար դեր ունենա քաղաքականության կամ հասարակական գործունեության ոլորտում, Մելիքյանն արձագանքեց.-«Ղեկավար դեր պետք է ունենա արժանի մարդը՝ անկախ սեռից: Սակայն մեր էլիտայի որակը նշանակալի կբարձրանա, եթե այն համալրվի ավելի շատ կանանցով: Կանայք բոլորովին այլ էներգիա են բերում դաշտ, այլ հայացքներ և մոտեցումներ: Նրանց ներկայությամբ շատ առումներով տղամարդկանց գործելաոճն էլ է փոխվում, իսկ փոփոխություններ մեզ պետք են:
Կինն ապագա սերնդին պետք է ճիշտ դաստիարակություն տա. Ազգի հաջողության գրավականը ապագա սերնդի որակն է: Հաճախ է այնպես պատահում, որ երեխաներին հիմնականում կինն է դաստիարակում, հատկապես՝ սեփական օրինակով: Որքան որակով է դաստիարակությունը, այնքան որակով են երեխաները և այն հասարակությունը, որը մի օր ձևավորելու են նրանք»:
Նրա խոսքով` Հայաստանը հրաշալի երկիր է՝ բոլոր առումներով: Այսօր պետք է կենտրոնանալ տնտեսական աճի վրա և բնակչության պոտենցիալի բացահայտման ու կիրառման ուղղությամբ: Պետք է այնպես անել, որ մարդիկ լիարժեք կերպով օգտագործեն սեփական պոտենցիալն ու իրենց ներդրումն ունենան երկրի հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքում:
Վերջում նա իր մաղթանքն հղեց կանանաց միամսյակի առթիվ.«Ինձ դուր է գալիս, որ Հայաստանում ոչ միայն կանանց միջազգային օրն են տոնում, այլ կանանց մի ամբողջ ամիս են նվիրել, որը սկսվում է մարտի 8-ին՝ կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված օրը և տևում է մինչև ապրիլի 7-ը՝ մայրության և գեղեցկության տոնը: Սա իրականում շատ սիմվոլիկ է. Այն թե ընդգծում է կնոջ դերի նկատմամբ մեր բացառիկ մոտեցումը և, թե որոշակի պատասխանատվություն ու առաքելություն դնում նրա ուսերին: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ մաղթել մեր բացառիկ կանանց չվախենալ, ճանաչել սեփական պոտենցիալն ու ձգտել ռեալիզացնել այն: Վայելել այդ պրոցեսը, ոչ միայն ձգտել արդյունքի: Ստեղծել ու արարել, ապրել, սիրել, ժպտալ և երջանիկ լինել…»:




Comments