Իշխան Սաղաթելյանը հանդիպումներ է ունեցել ԵԽ պաշտոնյաների հետ

Շարունակվում է Իշխան Սաղաթելյանի աշխատանքային այցը Եվրոպական Խորհրդարան։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։ Աշխատանքային այցով ԵԽ-ում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հունիսի 6֊ին հանդիպումներ է ունեցել՝ -Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Էվա Կաիլիի, -Արցախի հետ ԵԽ բարեկամության խմբի համահիմնադիր Պետեր Վան Դալենի, -Հայաստանի հարցով ԵԽ զեկուցող Անդրեյ Կովաչևի, -ԵԽ նախկին փոխնախագահ Ֆաբիո Մասիմո Կաստալդոյի, -Հունաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ, ԵԽ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Նիկոս Անդրուլակիսի հետ։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները, ներկայացվել է «Դիմադրություն» շարժման մոտեցումները և տեսակետները՝ մեկ անգամ ևս ընդգծելով, որ առանց Արցախի ժողովրդի կամարտահայտությունը հաշվի առնելու, անհնար է հասնել խաղաղության, հակամարտության վերջնական ու երկարաժամկետ կարգավորման։ Եվրոպացի գործընկերներին Սաղաթելյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից շարունակական ագրեսիայի դրսևորումները Հայաստանի Հանրապետության, Արցախի նկատմամբ և ակնկալել համապատասխան գնահատական: Բոլոր հանդիպումների ժամանակ բարձրաձայնվել է Ադրբեջանում պահվող ռազմագերիների հարցը: Հանդիպումների ընթացքում խոսվել է նաև ՀՀ ներքաղաքական հարցերի,«Դիմադրություն» շարժման նպատակների և ծրագրերի մասին:




Comments