Ինչպես կարելի է խոսել թավշյա հեղափոխության մասին, բայց հասարակությունը բաժանել մի քանի մասերի

Վերջին տարիներին, հաշվի առնելով նաև միջազգային փորձը, մենք եկել ենք մի այնպիսի աստիճանի, որ բանակում բարեփոխումների ծրագիր ենք կազմել 2008 թվականին և երկու շատ կարևոր պլաններ ենք կազմել 2011-2015 թվականների և 2016-2020 թվականների, և նաև սպառազինության և ռազմական տեխնիկայի պետական ծրագրեր: Այս մասին, այսօր՝ հունվարի 25-ին, «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ հավաքի ժամանակ իր ելույթում նշեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:«Դրանց արդյունքում ամեն մի ժամանակահատվածում ապահովել ենք բանակի զարգացումը: Սկսած պլանավորումից, առաջնագծի ամրապնդում, բարձր մակարդակի զորավարժություններ, ուսումնանյութական բազա, սպառազինության և ռազմական տեխնիկայի ներկրում, որոշակի չափով տեղական արտադրանքի իրականացում: Վերջին տարիներին պաշտպանական քաղաքականության իրականացումն ավարտել ենք պետական մակարդակի զորավարժություններով: «Շանթ» զորավարժություններ անցկացվել են առաջին անգամ իմ ղեկավարման ժամանակ, ապա նաև Վիգեն Սարգսյանի և Դավիթ Տոնոյանի ժամանակ:
Վերջին 30 տարվա ընթացքում մենք ստեղծել ենք մեր բանակը, և իշխանության բոլոր թևերը և բոլոր ուղղություններով կարողացել ենք առաջընթաց ապահովել՝ իր թերություններով: Յուրաքանչյուր իշխանության և մեծահոգությունն է, և հնարամտությունն է տեսնել այն լավը, այն հիմքը և այդ հիմքի վրա կառուցել քո տունը, ոչ թե հիմնահատակ քանդել, ու դրանից հետո առավելևս չիմանալով, թե ինչպես են այդ պետական տունը կառուցում, սպսել անկազմակերպ քայլեր իրականացնում բոլոր ուղղություններով:
Ինչպե՞ս կարելի է գոնե արցախյան բանակցային գործընթացի շրջանակներում ամեն ինչ մի կողմ չդնել ու չխոսել այն մարդկանց հետ, որոնք այս 30 տարիների ընթացքում բանակցային գործընթացն առաջ են տարել:
Ինչպես կարելի է խոսել թավշյա հեղափոխության մասին, բայց հասարակությունը բաժանել մի քանի մասերի: Պետության առաջնորդը հոր նման պետք է լինի, իսկ հայրը իր չարաճճի զավակին օրվա ընթացքում վատ բաների համար ապտակ է հասցնում, միևնույն է, ընթրիքի ժամանակ ասում է՝ արի նստի, միասին ընթրենք: Այդպիսի փոխադարձ հանդուրժողականության կարող են գալ կյանքի, պետական կառավարման փորձ ունեցող մարդիկ: Փորձ չունեցողներն են, որ մանրախնդրության են գնում, իորն արտահայտվել է բոլոր օղակներում՝ սկսած պետության, կառավարության կառուցվածքի ոչ ճիշտ գնահատումից, ֆինանսական միջոցներ ոչ ճիշտ օգտագործում, մեր ռազմավարական գործընկերոջ, հարևանների հետ հարաբերությունների վատթարացում»,-հայտարարեց Սեյրան Օհանյանը:




Comments