Ինչպե՞ս եք ասում՝ աջակցությունը թիրախային է. Էդմոն Մարուքյան

ԱԺ ապրիլի 29-ի արտահերթ նիստում քաղաքացիներին ֆինանսական աջակցություն ցույց տալու հարցը կրկին բարձրացրեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին հարցրեց, թե կառավարությունն ինչո՞ւ չի ցանկանում աջակցել քաղաքացիներին, այն դեպքում, երբ կա որևէ պարտավորությամբ չծանրաբեռնված 100 մլրդ դրամ գումար: Ըստ նրա՝ մոտ 5 հազար ընտանիք կանգնած է կոմունալ վճարները մարելու խնդրի առաջ:
«Մենք այս հարցը բարձրացրել ենք, ցույց ենք տվել փողի տեղը, միջազգային փորձը՝ ըստ ամեն երկրի ՀՆԱ-ի ծախսերի: Ժողովրդի փողից ինչո՞ւ չեք աջակցում ժողովրդին»,- ասաց պատգամավորը:
Նա նախարարից ճշտեց, թե իր առաջարկը քննարկվո՞ւմ է կառավարությունում, եթե այն մերժելու մտադրություն կա, դա ե՞րբ է պաշտոնական կարգով ու հիմնավորումներով արվելու:
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուզաղյանը նկատեց, որ պատգամավորի հետևողականությունը ողջունելի է:
«Նպատակ եք հետապնդում իմ պատասխանը ստանալ: Իմ պատասխանը ստացել եք: Առնվազն տպավորություն է ստեղծվում, որ Ձեզ հետաքրքրում է այդ հարցի ձևակերպման գործընթացը, ընդ որում՝ հարցի ժամանակ պնդումներ անելով՝ պնդումների նկատմամբ ուշադրությունը չկենտրոնացնելու նկատառումով: 100 միլիարդ դրամ կառավարությունն իր տրամադրության տակ չունի»,- նշեց նախարարը:
Նրա վկայությամբ՝ Մարուքյանի պնդումը, թե առկա գումարը չիրականացված կապիտալ ծրագրերի խնայողություններից է, այդպես չէ: Ջանջուզազյանը պնդեց, որ այդ կապիտալ ծրագրերը մեծ մասամբ արտաքին աջակցությամբ՝ դոնորների տրամադրված գումարներով իրականացվող են, ուստի չէին կարող ազատ և ծախսման ենթակա լինել:
Նախարարը պնդեց, թե կառավարության աջակցությունը հասցեական է: Սա էլ Մարուքյանի հակադարձմանն արժանացավ:
«Ինչպե՞ս եք ասում, որ թիրախային է աջակցությունը, երբ վարչապետն իր ուղիղ եթերում ասում է, որ իրական կարիք ունեցողներին չենք կարողացել մինչև վերջ տեղորոշել: Իրար հետ քննարկեք, որ ձեր խոսքերը համընկնեն»,- նկատեց Մարուքյանը: Ջանջուզազյանն էլ պնդեց, որ իր և վարչապետի խոսքերի մեջ անհամապատասխանություն չկա:




Comments