«Իմ քայլ»-ի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ավարտվեց. Լիլիթ Մակունցը մանրամասնում է

Ավարտվեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հատուկ օրակարգ չի եղել, ձևաչափն ազատ էր: Հարց ու պատասխանի միջոցով քննարկել են մի շարք հարցեր:
Անդրադարձել ենք թե արտաքին քաղաքական հարցերի, թե ՀՀ-ում բարեփոխումների օրակարգին, այդ առումով հիմնականում եղել է արժեքային քննարկում։
«Ինչ վերաբերում է կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկանածուի առաջադրմանը՝ այդ հարցին անդրադարձ չի եղել. ոչ հարցեր են հնչել, ոչ էլ հատուկ անդրադարձ է եղել»,- ասաց Մակունցը։
Մանրամասնելով օրակարգի հարցերը՝ Մակունցը ասաց, որ անդրադարձ եղել է նաև դատաիրավական, կրթական ոլորտին առնչվող, սահմանադրական փոփոխություններին վերաբերող հարցերի։
Դիտարկմանը, որ կառավարությանը 2 օր է մնացել ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնելու համար, արդյոք այդ թեման չեն քննարկել հանդիպման ժամանակ, Մակունցն ասաց, որ այդ թեմային անդրադարձ չի կատարվել։
«Թեկնածուներին անդրադարձ չի եղել։ Ընդհանուր արժեքային մոտեցումների քննարկում է եղել»,- ասաց Մակունցը։
Հարցին, թե երբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ՝ ՍԴ 3 դատավորների ընտրության հարցով, Մակունցն ասաց. «Որքանով, որ ես տեղյակ եմ, արտահերթ նիստ չի նախատեսվում։ Եթե դրա անհրաժեշտությունը լինի ԱԺ նախագահի նախաձեռնությամբ նիստը կհրավիրվի, բայց այս պահի դրությամբ, իմ տեղեկատվությամբ, արտահերթ նիստ չի նախատեսվում»։




Comments