top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Ի աջակցություն Բեյրութի Երևանում տեղի կունենա բացօթյա բարեգործական համերգ



Գրեթե հինգ ամիս դադարից հետո Երևանում տեղի կունենա մեծամասշտաբ մշակութային իրադարձություն:

Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի այգում կկայանա Վերդիի «Տրավիատա» օպերայի համերգային կատարումը: Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունը։


«Այս միջոցառմամբ ցանկանում ենք մեր մշակութային զորակցությունը հայտնել վերջերս տուժած Բեյրութին, որը հայտնի է նաև «Արևելքի Փարիզ» անվամբ: Տոմսերի ողջ հասույթը կտրամադրվի Բեյրութում աղետից տուժած մշակութային կենտրոնների վերկանգնմանը: Հավաքված գումարը կկրկնապատկվի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից»,-նշված է հաղորդագրության մեջ:

Վերդիի ամենահայտնի փարիզյան սիրո պատմության գլխավոր հերոսներն են միջազգային ճանաչում ունեցող օպերային աստղեր Լիանա Ալեքսանյանը (Վիոլետա Վալերի), Լիպարիտ Ավետիսյանը (Ալֆրեդ Ժերմոն) և Իլյա Սիլչուկովը (Ժորժ Ժերմոն):Այլ դերերում հանդես կգան Նարինե Անանիկյանը (Ֆլորա), Հովհաննես Անդրեասյան (Գաստոն), Աշոտ Ղանթարջյան (Բարոն Դյուֆոլ), Պողոս Բիազբեկյան (Մարկիզ դ’Օբինյի), Հովհաննես Ներսեսյան (Բժիշկ Գրենվիլ), Լուսինե Օրդուխանյան (Անինա):

Օպերայի «Փարիզյան հասարակությանը» կներկայացնի Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):

Համերգը կղեկավարի ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Թոփչյանը: 

Նշվում է, որ տեղերը խիստ սահմանափակ են, միջոցառման ժամանակ կպահպանվեն հակահամաճարակային բոլոր պայմանները: Տոմսերը վաճառվում են միայն առցանց:



Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն էր որոտացել ամոնիումի նիտրատի պատճառով։ Պայթյունի զոհ է դարձել 154 մարդ, ավելի քան 5000–ը վնասվածքներ են ստացել։ Մահացածների թվում 13, տուժածների թվում` ավելի քան 250 հայ կա։ Հայաստանն ու Արցախը երեք թռիչքների արդյունքում Լիբանանին տրամադրել են ավելի քան 36 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննդամթերք ու դեղորայք։



0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page