top of page

Ժաննա Անդրեասյանը և Սոֆիա Զախարակին այցելել են Հայ-հունական պետական քոլեջ

Jun 3, 2022
2 min read


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և Հունաստանի Հանրապետության զբոսաշրջության փոխնախարար Սոֆիա Զախարակին հունիսի 2-ին այցելել են Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ: ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ հյուրընկալելով բարձրաստիճան պաշտոնյաներին՝ քոլեջի սաները ներկայացրել են մշակութային ծրագիր՝ արժանանալով բարձր գնահատանքի: Այնուհետև ողջույնի խոսքով հանդես է եկել քոլեջի տնօրեն Արթուր Ղազարյանը, ով անդրադարձել է ուսումնական հաստատության հաջողություններին, համավարակից հետո ծառացած մարտահրավերներին և դրանք հաղթահարելու ուղիներին, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հունաստանի զբոսաշրջության նախարարության և Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի Հանրապետության դեսպանության կողմից ցուցաբերված աջակցությանը: ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ քոլեջում երեխաները ոչ միայն սովորում են հունարեն, այլև հաղորդակից են դառնում հունական մշակույթին: Նա նաև շեշտադրել է «Էրազմուս պլյուս» ձևաչափով հունական ուսումնական հաստատությունների հետ համագործակցության առանցքային նշանակությունը. «ՀՀ ԿԳՄՍ նախարարության անունից մենք պատրաստ ենք ամեն կերպ աջակցել այդ գործընթացին և շատ ենք կարևորում համագործակցությունը մեր և Հունաստանի ուսումնական հաստատությունների միջև»: Հունաստանի Հանրապետության զբոսաշրջության փոխնախարար Սոֆիա Զախարակին էլ անդրադարձել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի գործունեության կարևորությանը, փոխանակման ծրագրեր իրականացնելու առաջնակարգությանը, երկու ժողովուրդների՝ պատմականորեն ձևավորված բարեկամական կապերի նշանակությանը: Այնուհետև բարձրաստիճան հյուրերն ունկնդրել են քոլեջի սաների ասմունքը. նրանք հատվածներ են արտասանել հույն գրող Ն. Կազանձակիսի, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, բանաստեղծներ Յ. Սեֆերիսի և Օ. Էլիտիսի երկերից: Հաջորդիվ տեղի է ունեցել գործնական քննարկում, որի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է հունարենի ուսուցման զարգացման հնարավորություններին: «Լեզվի իմացությունը դառնում է մասնագիտությունը սովորելու նոր հնարավորություն՝ աշխատանքային պրակտիկան անցնելու համար»,- ասել է նախարարի տեղակալը: Քննարկման ընթացքում կարծիքներ են փոխանակվել նաև միջին մասնագիտական կրթության ոլորտում հունական ուսումնական հաստատությունների հետ համագործակցության և համատեղ կրթական ծրագրերին առնչվող հարցերի վերաբերյալ: Հանդիպումն անցել է կառուցողական և փոխադարձ վստահության ջերմ մթնոլորտում:

 
 
 

Comments


bottom of page